«Հայկական անվտանգության բնագիծը շարունակում է մնալ Արցախը». Աբրահամ Գասպարյան
Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Կանխելով նոր ցեղասպանությունը. հայկական անվտանգության բնագիծը շարունակում է մնալ Արցախը: Ցեղասպանության կանխարգելման միջազգային կոնվենցիայի ընդունումից 76 տարի անց թուրքիան և ադրբեջանը շարունակում են ուղիղ սպառնալիք հանդիսանալ Հայաստանի ու Արցախի հայության ֆիզիկական գոյության համար: թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական չընդհատվող քաղաքականությունը, բաքվի բռնապետական քարոզչամեքենան չեն դադարում հաշվեհարդարի, հայերի բնաջնջման, պետականազրկման ու հայրենազրկման ինտենսիվ քարոզչություն իրականացնել և տարածքային հավակնություններ ներկայացնել ՀՀ և Արցախի նկատմամբ: Նոր պատերազմ չհրահրելու սին պատրանքը ՀՀ իշխանությանը դարձրել է արմենոֆոբ այս պետությունների հլու կամակատարը, մատնել նրան հանցավոր, գիտակցված ու անտարբեր լռության, իսկ նրա ոչ համարժեք պատասխանը՝ հայությանը, Հայաստանին ու Արցախին դարձյալ դրել ուղիղ ցեղասպանության վտանգի տակ: Սա ՀՀ կամազուրկ իշխանության անհեռատես դիվանագիտության, տարածաշրջանում անվտանգային ու ռազմաքաղաքական ավանդական հավասարակշռումները խախտելու գործողությունների արդյունք է: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի հայտնի՝ 96 (1) բանաձևի բոլոր դրույթներով պաշտոնական բաքուն նվազագույնն անցած երկու տարում՝ Արցախում 2020թ. սեպտեմբերի 44-օրյա պատերազմում և ՀՀ տարածքում 2022թ. սեպտեմբերի 13-15-ի պատերազմական գործողություններում, իրականացրել է էթնիկ զտման համակարգված գործունեություն՝ ստեղծելով պայմաններ հայության լրիվ ու մասնակի ֆիզիկական ոչնչացման համար: Սա միջազգային իրավունքի բոլոր հումանիտար նորմերի խախտում է, աներկբա հանցագործություն, որի իրականացնողները, հրահրողներն ու համակարգողները պիտի կանգնեն միջազգային քրեական դատարանի առջև: Հանցակցություն է նաև այդ փաստերի խեղաթյուրումը, կոծկումը, ինչպես նաև Հայաստանի պետական շահը չհետապնդող իշխանության ակնհայտ անգործությունը: Հանցագործության չդատապարտումը ծնում է նորերը, ինչի ականատեսն ենք եղել 1915թ. ցեղասպանությունից հետո՝ հասնելով մինչև 1918-1920թթ. հայկական Շուշիի, ԽՍՀՄ կազմաքանդման տարիներին՝ սումգայիթի, բաքվի, Մարաղայի ու Արցախի հայության համակարգված ոչնչացում: Հայկական անվտանգության բնագիծը շարունակում է մնալ Արցախը, որը, թեև պատերազմից դուրս եկավ հյուծված, տարածքային ու մարդկային, նյութատեխնիկական ու ենթակառուցվածքային մեծ կորուստներով, այդուհանդերձ առաջին գծում արգելակում է ադրբեջանական ֆաշիստական մեքենայի՝ Արցախի ու Հայաստանի հաշվին կենսատարածք ունենալու անհիմն օրակարգը: Մոլորություն է, քաղաքական տհասություն՝ ազգի գոյության ու զարգացման բնական իրավունքը կապել օտար պետությունների կամ մտացածին ուժերի հույսի հետ: Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահը ենթադրում է անվստահություն՝ ականջ շոյող սին գաղափարների, անգիտակից ու չհաշվարկված մոտեցումների նկատմամբ, որոնց պատասխանը՝ հավաքական ֆիզիկական ցեղասպանությունն է և հայրենազրկումը: Պի՛նդ եղեք»: |