Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել Հրապարակի առևտրային կրպակի ապամոնտաժումից՝ տեղեկացնելով, որ «բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»: Այնուհետ տեսանյութ տարածեց քաղաքապետարանը, հաղորդագրությամբ հանդես եկավ ԿԳՄՍՆ-ը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն աղավաղող կրպակը:
Ասում են՝ Հրապարակի կրպակի ապամոնտաժումը Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչության հերթական արարն էր:
Կրպակի ապամոնտաժմանը ֆեյսբուքյան էջում խորիմաստ գրառմամբ անդրադարձել է նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Հովսեփ Կուբատյանը. «Ինչ մեղքս թաքցնեմ, մենք չկարողացանք ապամոնտաժել այստեղ տնգած այլանդակությունը, հիմնականում որոշ կառույցների դիմադրության պատճառով:
Այժմ այս այլանդակությունը այլևս չկա, ինչի համար շնորհակալություն բոլոր իրագործողներին»:
Թեման արձագանք է գտել նաև համացանցում: