Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»

09:42, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։

«Սիվիլնեթ»-ը հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դատական ճանապարհով հասել է ամրագրման, որ Մարտիրոսյանը կայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռ»։

Ստացվում է հետևյալ իրավիճակը. 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից», 2022-ի հունվարին ՄԻԵԴ-ի վճռում հստակ արձանագրվում է, որ Մնացական Մարտիրոսյանի՝ 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ խախտվել է քաղաքացիներից մեկի, այն է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իրավունքը՝ թերևս ամենակոպիտ խախտումն արձանագրելով։

Այսպիսով, ոչ միայն «Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի», այլև մյուս երկու գործերով ՄԻԵԴ-ը գտել է, որ այդ թվում Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռներով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն Փաշինյանի կառավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի լքել դատական համակարգը, այլև ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։ Ի՞նչ է ստացվում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում

2591 | 0
Facebook