Ուկրաինան Ֆրանսիայից ստացել է ևս մեկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Long Hand Family-ի չորրորդ եղբայրը (այսպես են կոչվում հեռահար համակարգերը)՝ LRU-ն Ֆրանսիայից ժամանել է Ուկրաինա: Ուկրաինական բանակն այժմ էլ ավելի հզոր է թշնամուն զսպելու և ոչնչացնելու հարցում»,- գրել է ուկրաինացի նախարարը սոցցանցերում։
Ավելի վաղ Ուկրաինան ստացել էր նման երկու համակարգ։ Նաև Կիևին են հանձնվել Crotale հակաօդային պաշտպանության համակարգերի երկու մարտկոց և 18 Cesar հաուբից։
LRU-ն HIMARS-ի արդիականացված թրթուրավոր անալոգն է և համարժեք է այլ ժամանակակից համազարկային ռեակտիվ կայանների՝ ամերիկյան M270 MLRS-ի և գերմանական MARS II-ի հետ, որը նույնպես ունի Ուկրաինան: LRU-ի արկերի թռիչքի հեռահարությունը առնվազն 80 կմ է։