«Փաշինյանը տեղյակ էլ չէ, ես համոզված եմ». թատրոնից հեռացվող Լուսինե Կիրակոսյանը շարունակում է պաշտպանել իշխանությանը
![]() ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը ու այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Երևանի քաղաքապետարանն 90 հազար դրամ աշխատավարձը շատ է համարում մի շարք վաստակավոր արտիստների համար և որոշել է, որ դերասաններն այդ չնչին գումարին անգամ արժանի չեն: Չնայած նրան, որ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է և մշտապես հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության փրկությունը հենց նրա մեջ է, այսօր հայտնվել է նման ծանր իրավիճակում: Այս մասին «Հրապարակը» զրուցել է դերասանուհու հետ: - Բայց իշխանություններն ի՞նչ կապ ունեն թատրոնի խուլիգանների հետ: - Դրամատիկական թատրոնը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է: Ավելին` քաղաքապետարանն է հրաժարվում ֆինանսավորել թատրոնը: - Հա, քաղաքապետարանը՝ հա, բայց իշխանություն ասելով դու ո՞ւմ նկատի ունես: - Նույն Երևանի քաղաքապետն այս իշխանության անդամ է, ԿԳՄՍ նախարարն էլ է իշխանության անդամ, ինչո՞ւ եք զարմանում: Այս բարձիթողի վիճակի մեղավորն ո՞վ է ի վերջո: - Հիմա Դուք ինձանից հաշի՞վ եք պահանջում, որ ես իշխանություններին եմ աջակցում: - Ոչ, բոլորովին, պարզապես ուզում եմ հասկանալ՝ շարունակո՞ւմ եք նրանց աջակցել, թե՞ ոչ: - Իշխանության եկած մարդիկ հո բոլորը նույնը չե՞ն: Երկու անգամ գնացել եմ քաղաքապետարան, անգամ ինձ չեն թողել ներս մտնել: Զանգել եմ, ասել են` զբաղված ենք: Նրանք ինձ չեն ընդունում: 90 հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, ուզում եմ հասկանամ էդքան «քյասի՞բ» են, իրենք իրենց անընդհատ պրեմիաներ են տալիս: Ես երբեք չեմ լռել, հազար տարի է ասում եմ, որ ինձ ոչ մի դեր չեն տալիս: Ինչի՞ ոչ մի բան չփոխվեց: Խանդիկյանն ինձ երեսուն տարի է մի դեր անգամ չի տալիս: - Խանդիկյանի այդ վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված: - Դեմս կանգնում, լավ խոսում է, բայց դեր չի տալիս, ես չգիտեմ, թե ինչու: Երևի ինչ-որ բաներ գիտեմ և ինձ տեսնել չի ուզում, դրա համար: Հազար ու մի բան կա: - Ինչե՞ր գիտեք: - Հազար ու մի բան, չգիտեմ…. - Նշել էիք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ևս դիմել էիք, սակայն Ձեզ չէր ընդունել: Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում կա երկու միլիոն վարչապետ: Ի՞նչ փոխվեց…. - Վարչապետին նամակով եմ դիմել, երևի նա գաղափար էլ չունի, որ ես դիմել եմ իրեն: Նամակս տեղ չեն հասցրել: Իրենցից դուրս անբաններ են էնտեղ նստած, որոնք եսիմ ինչքան էլ աշխատավարձեր են ստանում: Իրենք կարդում են ու պատասխանում, Փաշինյանը տեղյակ էլ չէ, ես համոզված եմ: - Այս իշխանությունները որոշեցին, որ Հայաստանին մշակույթի նախարարություն էլ պետք չէ, գուցե նախարարություն լիներ, իրավիճակն էլ այլ լիներ…. - Օրինակ, այն ժամանակ, երբ մշակույթի նախարարն Արմեն Ամիրյանն էր, ես շատ գոհ էի: Մի օր կանչեց իր մոտ, ասաց` դու պիես գրի, ես կֆինանսավորեմ և պիեսը կբեմադրես: Բախտս այդտեղ էլ չբերեց, Ամիրյանն ազատվեց նախարարի պաշտոնից: Ամիրյանին ասացին՝ ռադդ քաշի գնա, դու հին ես, նա էլ թողեց գնաց ու ի՞նչ…. - Այսօր արվեստի մարդիկ այնքան անտեսված են: Ինչպե՞ս եք կարողանում ապրել, հանապազօրյա հաց վաստակել: Մի պահ սերիալում էիք նկարահանվում: Հիմա, կարծես, էկրաններին չկաք: - Մի պահ, մի հինգ օր նկարահանվեցի ու վերջ: Որ չդիմակայեմ, ի՞նչ անեմ, գնամ մոստից թռնե՞մ: Իմ հաշվին 35 հատ շուն ու կատու եմ պահում: - Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, ո՞ւմ եք դիմելու: - Ինձ այսօր ԱՄՆ-ից զանգեցին, լրիվ անծանոթ մարդիկ էին, թատրոնի մարդիկ էին: Իմանալով, թե ինչ է եղել, ինձ հրավիրում էին ԱՄՆ` թատրոնում աշխատելու: Ես ԱՄՆ-ում եղել եմ, անգամ երկու հատ փեսացու էին ինձ համար էնտեղ գտել, որ ես ընտրեի, բայց չսիրեցի Ամերիկան: Չէի կարողանում շնչել, ինձ թվում էր, թե օդի մեջ կապար կա, խեղդվում էի, Հայաստանից բացի այլ տեղ չեմ ուզում: Մերժեցի այսօրվա առաջարկը ևս: Իհարկե, շատ-շատ շնորհակալ եմ ու զգացված այդ մարդկանցից, սակայն ինձ Հայաստանից չեն վտարում, ընդամենը` թատրոնից, այն էլ 90 հազար դրամ չծախսելու համար: Իբր քաղաքապետարանի աշխատակիցներն ասել են, որ Լուսինե Կիրակոսյանը դեր չունի, ինչո՞ւ եք պահում նրան: Թատրոնի ընկեր ղեկավար, որ իմ մասին էդքան շատ ես մտածում, բա ինչի՞ մի դեր չես տալիս: - Նույն Երևանի քաղաքապետարանը պարգևավճարների գումարներ ունի, սակայն չունի գումար արվեստի համար: - Ես համոզված չեմ, որ քաղաքապետարանն է այդ որոշումն ընդունել: Դու համոզվա՞ծ ես, որ եկել ասել են` Լուսինե Կիրակոսյանին փողի համար հանեք թատրոնից: Ես համոզված չեմ դրանում, չեմ հավատում: Իսկ եթե նման բան եղել է, ուրեմն սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, իրենք էդքան փողեր են ուտում, բայց դերասանի համար 90 հազար դրամ չունեն: Ես իմ կյանքն ու առողջությունն եմ թատրոնին նվիրել…. ամեն ինչս, ու հիմա մի քանի կոպեկի համար էսպես են վարվում: Խառը ժամանակներ ենք ապրում, որ էսքան տղա զոհվեց, էսքան ինչեր ասես, որ չեղան….ի՞նչ: Գուցե նրանց համար մեկ է, որ մի դերասանուհու կյանք կարող է այս ամենի ֆոնին խորտակվել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |