Թյուրքագետ, պ.գ.թ., «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը «Փաստինֆո»-ի եթերում խոսել է մերձավորարևելյան և տարածաշրջանային զարգացումների մասին․ «Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը մի հատվածում գլխավոր մրցակիցներ են, որոնք փորձում են Մերձավոր Արևելքը կիսել ըստ իրենց ազդեցության գոտիների, և միևնույն ժամանակ, այս երկու պետություններն ունեն նմանատիպ խնդիրներ: Դրանցից մեկը քրդական հարցն է, որտեղ Թուրքիան և Իրանը կարող են շահերի համընկնում ունենալ։ Սակայն թե՛ Ռուսաստանը, և թե՛ Իրանը ոգևորված չեն այն ծավալապաշտական քաղաքական գծով, որը վարում է Թուրքիան: Թուրքիան փորձում է սիրիական հարցում իր դիրքերն ամրապնդել»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում այս երկրների վարած քաղաքականությանը՝ Գեղամյանը նկատել է․ «Հայաստանը հայտնվել է մի իրավիճակոմ, որը հաճախ կոչում են «Հայաստանի սիրիացում», երբ ո՛չ սահմանների ճակատագիրը, ո՛չ արտաքին քաղաքականությունը ՀՀ-ն ինքնուրույն չի մշակում, և դա բացառապես թելադրված է միջազգային իրադրությամբ և ուժային բալանսով»: