Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլդովայի մի մասը, այդ թվում՝ Մերձդնեստրը, հոսանքազրկվել է ռուսական հարձակումից հետո

22:06, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
Մոլդովայի մի մասը, այդ թվում՝ Մերձդնեստրը, հոսանքազրկվել է ռուսական հարձակումից հետո

Մոլդովայում, այդ թվում՝ ինքնահռչակ Մերձդնեստրում, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հրետակոծության պատճառով կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին։

Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ իշխանություններն աշխատում են երկրի տարածքի 50%-ի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը երկիրը թողել է մթության մեջ։ Նրա խոսքով, էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել, և պետական ​​բոլոր կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք չենք կարող վստահել մի ռեժիմի, որը մեզ թողնում է մթության և ցրտի մեջ», - ասել է նա։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է հիմա, մեր միակ ճանապարհը՝ Մոլդովայի ապագա ուղին, պետք է մնա դեպի ազատ աշխարհ»։
     Մոլդովայի իշխանությունները նախկինում խնայողության ռեժիմ էին մտցրել էլեկտրաէներգիայի սղության պատճառով։ Մայա Սանդուն ասել է, որ Մոլդովան ապրում է իր պատմության մեջ ամենավատ էներգետիկ ճգնաժամը։ «Մեզնից բոլորից է կախված, թե ինչպես կդիմանանք գալիք ձմեռը»,- ասել է նա։

Էլեկտրաէներգիայի պակասն սկսվել է հոկտեմբերի 24-ից։ Սփինուն այն ժամանակ ասել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը, որոնք կնքվել են էլեկտրաէներգիայի ազգային մատակարարի՝ Էներգոկոմի կողմից, չեն կարողանա ծածկել ամբողջ սպառումը ժամը 7:00-ից մինչև 23:00-ն:

4566 | 0
Facebook