Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել

21:30, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահին մեղադրանք է ներկայացվել ապօրինի գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
     Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:
     Նշված անձը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:
     «Կազմակերպության նախագահը, փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
     Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Վստահված գույքը հափշտակելը), ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
     Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին:
     Նախաքննությունը շարունակվում է:
     Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա մայիսին ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մ. Ստեփանյանը ֆեդերացիայի տարեկան հաշվետվության պետական բյուջեից յուրացրել է 3.000.000 դրամ՝ որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը։

2881 | 0
Facebook