
Նախկին ՀԽ մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան, եթե քեզ վիրավորված ես զգում Վարուժանի որոշ քաղաքական հայտարարություններից և վրեժի ծարավն է քեզ առաջնորդում, ապա լավ իմացիր, երկրի առաջնորդը, քաղաքական այրը, էլ չեմ ասում՝ իսկական տղամարդն իրավունք չունի առաջնորդվելու դրանով։ Վրեժը մեղք է։ Այդ ծանր բեռը մի վերցրու ուսերիդ։ Առանց այդ էլ քո բեռը շատ է ծանր։ Իմացի՛ր, մեղքեր կան, որ աններելի են, եթե ոչ երկրային, ապա առնվազն երկնային կյանքում։
Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ Վարուժանին թունավորել են։ Եվ ինքդ էլ գիտես այդպիսի շատ դեպքեր։
Ես քեզ նաև ուզում եմ հիշեցնել և ահազանգել, որ երբ տղաները 16-18 թվականներին դատապարտյալների հիվանդանոցում էին հայտնվում, այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ այնտեղ ԿԳԲ-ի 80-ականներին պատրաստած դեղերի փորձարկումներ են անցկացվում։ Ծռերից ոմանք, տեղեկանալով այդ մասին (Լամբարյան Արմենը, Պետրոսյան Աշոտը, և Սեթոն) հրաժարվում էին դեղեր ընդունել, իսկ Թաթուլը և Հովհաննեսը ընդունում էին։
Առաջարկում եմ սթափվել, մի կողմ նետել վրեժիդ ծարավը և առաջնորդվել եթե ոչ ազգային, ապա համամարդկային արժեքներով և հետամուտ լինել այս գործին։ Վարուժանին կարող ենք ամեն վայրկյան կորցնել։Վարուժանն այն մարդն է, ով մեռնելուց էլ չի բողոքի։ Նա ասկետ է ու ճգնավոր։ Պարզ է, որ նա չի բողոքում և չի պահանջում։ Բայց այսօր պահանջելը մեր բոլորի պարտքն է, և ոչ թե Վարոուժանի։ Մենք Վարուժանին առողջություն ենք պարտք։
Դու ի՛նքդ էլ պարտական ես Վարուժանին, քանի որ Վարուժանն իր գաղափարներով հեղափոխական նախադրյալներ ստեղծեց, գիտակցություն արթնացրեց ու իր գաղափարներով առաջնորդեց ժողովրդին դեպի այն հեղափոխությունը, որը դու իրականացրեցիր։ Չխոսեմ այստեղ այն բյուր հանցագործների մասին, ովքեր հեղափոխությունից հետո բանտերում չհայտնվեցին և այսօր իրենց խաղաղ կյանքն են վայելում արտերկրում։ Մի՞թե դու Գագիկ Խաչատրյանին ավելի էիր վստահում, որ նա անարգել գնաց բուժման դատաքննության ընթացքում։ Մի՞թե կարծում ես, թե Վարուժանն է այն մարդը, ով կարող է փախուստի դիմել։ Վստահ եմ, շատ լավ գիտես, որ այդպես չէ։ Հետևաբար պարտավոր ես փրկել նրան այսօր և փրկել դրանով քո իշխանության դեմքը։ Քանզի, եթե Վարուժանը Հաց Բերողի կամ Գայլի ճակատագրին արժանանա, ապա դու և քո իշխանությունը ոչնչով չեք տարբերվի նախորդներից։
Հիշի՛ր քո խոսքը ապստամբության ժամանակ, որտեղ Սասնա Ծռերին ազնիվ ու հայրենասեր պայքարողներ էիր անվանում և ասում, որ նրանք ահաբեկիչներ չեն։ Հիշի՛ր ԲԻԲԻՍԻ-ի հաղորդավարին, ով փողոցներում այդ օրերին գեթ մեկ մարդ էր փնտրում, ով Վարուժանին կամ մյուսներին կմեղադրեր։
Եվ ի վերջո, հիշիր, թե ինչ դառնությամբ է հայ ժողովուրդը հիշում, որ ռուսական բանտում է սպանվել Նժդեհը։ Մտածի՛ր, թե մի հարյուր տարի հետո ինչ է ասելու ժողովուրդը, թե որտեղ է սպանվել Նժդեհի հետնորդ ՎԱՐՈՒԺԱՆԸ։
Նիկոլի բանտո՞ւմ։ Մի՛ դարձիր «Սև Սքեմով, կացինը ձեռքը, փոքրոգի դահիճ» և մի՛ դարձրու այդպիսին քո իշխանությունը»։