Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին». փաստաբան

14:12, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին». փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքն ապօրինի արգելելու հետ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները:

Եվ այսպես, նոյեմբերի 16-ին՝ գիշերվա ժամը 02.30-ին, Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա. Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ:

Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին (մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով) և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա. Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում (մեղադրանքի որոշման նոր անվանումն է):

Նույն օրը՝ երեկոյան ժամը 20.30-ին, Քննչական կոմիտեի շենքում Ա. Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքն ընտրելու մասին:

Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ:

Այսինքն՝ Ա. Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի՝ ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենն առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում:

Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար:

Հ. Գ. Հասկանալի է, որ ո՛չ հսկող դատախազին, ո՛չ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է:

Հ. Հ. Գ. Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը»:

| | |
2262 | 0
Facebook