Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Համացանց

«Սրանք մեզնից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ». Անդրանիկ Թևանյան

22:00, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Սրանք մեզնից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ». Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գողացված տոնը (Ռոնալդու–Մեսսի եզրափակիչ դիմակայությանը սպասելիս)
     ———————————
     Ես ֆուտբոլի ֆանատ եմ։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ Մոտ 10 տարի։ Եղել եմ դարպասապահ։ Տարբեր պատճառներով չշարունակեցի ֆուտբոլը, բայց միևնույն է սերս հավերժ է։
     ....Ֆուտբոլն ինձ համար միշտ տոն է եղել։ Ինչու «եղել», քանզի այդ տոնն ինձնից արդեն գողացվել է։
     Այսօր սկսում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, և ես ինձ բռնացրեցի այն բանի վրա, որ արդեն սրտի թրթիռով չեմ սպասում աշխարհի խաղերի մեկնարկին, հավես չունեմ այդ խաղերը նայելու։ Ինձնից գողացվել է այդ տոնը։ Որոշ խաղեր, իհարկե, կնայեմ, բայց առաջվա զգացողություններն այլևս բթացել են։ Անկախ ինձնից։
     Մեր երկիրն այնպիսի ցնցումների մեջ է հայտնվել, մենք այնպիսի ծանր վիճակում ենք գտնվում, որ մարդ տրամադրություն չունի ֆուտբոլը վայելելու։
     Իմ կարծիքով՝ ոչ մի նորմալ մարդ հատկապես 2020–ի նոյեմբերի 9–ից հետո չի կարող առաջվա պես ապրել, կարծես ոչինչ չի եղել։
     Հազարավոր երիտասարդների թաղած, զոհերի մի մասին դեռ չթաղած, Արցախի ծվեն–ծվեն լինելը տեսած, Շուշին կորցրած, ամենօրյա ռեժիմով Հայաստանի նվաստացումը արձանագրած ոչ մի նորմալ ՀՀ քաղաքացի ու հայ մարդ չի կարող հանգիստ վայելել կյանքը ու սովորական ռեժիմով ապրել։
     Քանի դեռ մենք աշխարհին ներկայանում ենք պարտության դեմքով ու ամեն օր մեր երկրի գլխին կախված է ոչնչանալու վտանգը, մենք մեր տեղը չենք գտնելու, չենք փակելու աղետի էջը։ Եթե ոմանք փորձում են իրենց անջատել, միևնույն է դա ինքնախաբեություն է։ Միայն անմեղսունակը կամ ավարտված սրիկան կարող է անդարդ ապրել մեր երկրում։
     Սրանք ՀՀ քաղաքացուն ժպիտ ու երջանկություն խոստացան, սակայն բերեցին մահեր ու դժբախտություն։ Դե իսկ բուն հայկական ֆուտբոլում այնպիսի խայտառակություն է հիմա տիրում, ինչպիսին երբևէ չի եղել (2050–ին ընդառաջ)։ Ասել է թե՝ «քայլարածների» բերած փլուզումները բոլոր ոլորտներում են։
     Սրանք մեզանից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ։
     Հ․Գ․։ Ֆուտբոլի այս առաջնությունը շատ խորհրդանշական է։ Այն վերջինն է լինելու Ռոնալդուի և Մեսսիի համար։ Վերջին 15 տարին այս երկուսի շուրջ են պտտվել ֆուտբոլային աստվածները, և հիմա գալիս է այդ «դարաշրջանի» ավարտը։
     Թեև ես գերմանական ֆուտբոլային ոճի երկրպագու եմ (խոսքս՝ Բրեմեյի, Կլինսմանի, Կահնի, Զամմերի, Մյոլերի, Էֆենբերգի, Մաթեուսի, Ֆյոլերի, Ռումինիգեի, Շվայշտայգերի, Կրոսսի, Հյոսլերի Գերմանիայի մասին է) ու ֆուտբոլային կլասիկան Արգենտինա–Գերմանիա եզրափակիչն է, սակայն կուզենայի, որ այս եզրափակիչում հանդիպեին Արգենտինան ու Պորտուգալիան, որպեսզի Մեսսի–Ռոնալդու դիմակայությունը վերջնական հանգուցալուծում ստանա ֆուտբոլի դաշտում։ Այ դա կլինի իսկական ֆուտբոլային բլոգբաստեր։
     Դե իսկ ֆուտբոլային տոնը և ոչ միայն դա, մի օր հաստատ կվերադառնա նաև Հայաստան։ Ես հավատում եմ դրան, ու ամեն ինչ պետք է անել մեր տոները վերադարձնելու համար»։

| | |
2008 | 2
Facebook