«1 կմ-ի վրա լսել են հակառակորդի խոսակցությունը, բայց պաշտպանություն չեն կազմակերպել». Արսեն Սարդարյան
![]() Ինչպես հայտնել էինք, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ է ներկայացրել հարուցված քրգործի վերաբերյալ։ Մանավորապես, անդրադարձել է առաջադրված մեղադրանքի երկրորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած դրվագին․ «Մեր զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել, փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել մի շարք զինվորներ։ Անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց ինձ մոտ էլ է այդ տպավորությունը․ արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն բանակի հրամանատարն է, իհարկե ոչ, դա պետք է պատշաճ կերպով կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից, ի դեպ՝ հոկտեմբերի 12-ի դեպքից առաջ հրաման է արձակվել, որը հստակ նշում է, որ մեր տարածքում կան ներթափանցած հակառակորդի ուժեր, բոլոր այս-այս հատվածներում կարող է լինել դիվերսիոն խմբերի հարձակում, ուստի բոլոր յուրային զորքերին անցնել շրջանային պաշտպանության։ Այս հրամանի առկայության պայմաններում ինչո՞ւ խրամատներ չեն փորել, ինչո՞ւ երեխեքին չեն դիրքավորել, պատշաճ պաշտպանություն կազմակերպել, ինչո՞ւ են մարտկոցներն իրարից անկախ գործել, որակապես մի քանի անգամ ավել տեխնիկա ունենալու պայմաններում ինչո՞ւ կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ... Ես անուններ չեմ ուզում շատ շեշտադրել, բայց նույն մեղադրանքում նշված է, որ դիվիզիոնի հրամանատարների մի մասը դիտակետում, որը եղել է դիվիզիոնի մարտկոցների տեղակայման վայրից 1 կմ հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և հասկացել, որ թշնամին է։ Հիմա հարց․ եթե լսում ես խոսակցությունները մոտեցող խմբավորման, ինչո՞ւ այդ ժամանակահատվածը չես օգտագործում. համապատասխան հրանոթներ ենք ունեցել այդ հեռավորության վրա կրակ բացելու համար. դիտակետից խփեիք՝ ջարդեիք։ Դրա փոխարեն պանիկա է դրվել, տագնապ, սկսել են խառը փախնել, նայում ենք մեր երեխեքի դիակները մեքենաների կողքը, փորձել են պաշտպանվել մեքենաների կողքը, որովհետև խրամատ չի եղել, որ մտնեն մեջը, պաշտպանվեն, հիմա հրամանատարը պիտի գա՞ր խրամատը փորելու գործընթացով զբաղվելու»,- ավելացրել է փաստաբանը։ |