Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը մոտ 100 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. խոշորագույն քաղաքները հոսանքազրկված են

20:06, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
Ռուսաստանը մոտ 100 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. խոշորագույն քաղաքները հոսանքազրկված են

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին, Ռուսաստանը մոտ հարյուր հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ՝ այդպիսով գերազանցելով հոկտեմբերի 10-ի զանգվածային հրթիռային հարվածի ուժգնությունը, երբ արձակվել էր 84 հրթիռ:
     Զանգվածային հրթիռային հարձակման պատճառով NPC Ukrenergo-ի հրամանով էլեկտրաէներգետիկներն սկսել են արտակարգ անջատումներ ամբողջ Ուկրաինայում, նաև՝ Կիևում:

«Սա անհրաժեշտ քայլ է էներգետիկ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների խափանումներից խուսափելու համար: Կայունացման անջատման ժամանակացույցը դեռևս չի գործում: Մայրաքաղաքի բաժանորդների առնվազն կեսը հոսանքազրկված է»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ենթակառուցվածքային օբյեկտների հրթիռակոծումից հետո քաղաքը մասամբ հոսանքազրկվել է։ Մետրոպոլիտենի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը դադարեցվել է:

Լվովում մի քանի ուժեղ պայթյուններից հետո առանց էլեկտրականության է մնացել շրջկենտրոնի մի մասը։

Ռովնո քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Տրետյակը հայտնել է, որ ռուսները հրթիռային հարձակում են գործել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի վրա։ Արդյունքում Ռիվնեի որոշ հատվածներ մնացել են առանց էլեկտրականության։

Մի շարք պայթյուններից հետո Ժիտոմիրն ամբողջովին հոսանքազրկվել է։ Քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինի խոսքով՝ ռուսները երկու հարված են հասցրել էներգետիկ օբյեկտներին, և վերանորոգման խմբերն անում են հնարավորը։

Խմելնիցկիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գամալին հայտնել է Խմելնիցկի համայնքի տարածքում գտնվող օբյեկտներին հասցված երկու հարվածի մասին։ Քաղաքը մասամբ հոսանքազրկված է:

Առանձին շրջաններ և Լուցկի մոտակայքում գտնվող որոշ գյուղեր ևս առանց էլեկտրականության են մնացել:

Էլեկտրաէներգիայի վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն:

7372 | 0
Facebook