Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական սադրանքներն ունեն համակարգված բնույթ». Տիգրան Աբրահամյան

15:00, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանական սադրանքներն ունեն համակարգված բնույթ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, 1 շաբաթվա ընթացքում 2 միջադեպ է գրանցվել՝ նույն ուղղությամբ, նույն հատվածում:

2 դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել: Դեպքերից մեկով մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացիական անձ:

Վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով:

Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայդեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել:

Կա հստակ ձեռագիր, կա պլանավորում և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճիշտ է՝ բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց է տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է:

Մի կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմյա ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել է նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են և արցախցիներն ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից՝ հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ կամ հարմարվել:

Ամեն դեպքում, մի շարք ուղղություններով, լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան»:

3659 | 1
Facebook