ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է վերջին օրերին տարածաշրջանում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ իրանական հռետորաբանությանը, գրում է Turan-ը։
«ԱՄՆ-ի համար շատ պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար»,- ասել է գործակալության խոսնակ Նեդ Փրայսը։
Գործակալության թղթակիցը Փրայսին հարցրել է Թեհրանի և Բաքվի միջև վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի դեմ Իրանի աճող մեղադրանքներից հետո լարվածության աճի մասին, և արդյո՞ք Վաշինգթոնը պատրա՞ստ է պաշտպանել Ադրբեջանին, եթե Թեհրանի հռետորաբանությունը շարունակվի:
«Մենք կարևոր երկկողմ հարաբերություններ ունենք այս բոլոր երկրների (տարածաշրջանի – խմբ.) հետ։ Դուք նշեցիք Ադրբեջանը։ (Քարտուղար Բլինկենը) այս շաբաթվա սկզբին հնարավորություն ունեցավ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ»,- ասել է Փրայսը՝ հավելելով. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և ի վերջո հակազդել Իրանի ապակայունացնող ազդեցությանը՝ տարածաշրջանում և, հնարավոր է, դրանից դուրս»:
Turan-ի թղթակիցը նաև հարցրել է Փրայսին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի՝ վերջերս Իրան կատարած այցի մասին, և արդյոք Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունից Իրանն ավելի կոգևորվի թե՛ տանը, թե՛ տարածաշրջանում և դրանից դուրս։
«Այս ամենը մտահոգիչ է գործընկերության (ինչ-որ տեղ՝ աճող գործընկերության) համատեքստում, որը մենք տեսել ենք, որ զարգանում է վերջին տարիներին և տարբեր ձևերով՝ վերջին ամիսներին Իրանի և Ռուսաստանի միջև: Սա աճող դաշինք է, որը ողջ աշխարհը պետք է դիտարկի որպես լուրջ սպառնալիք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։