Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը խոստովանել է, որ անօդաչու թռչող սարքեր է առաքել Ռուսաստան

22:18, շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ.
Իրանը խոստովանել է, որ անօդաչու թռչող սարքեր է առաքել Ռուսաստան

Իրանը խոստովանել է, որ Ռուսաստանին է մատակարարել «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, սակայն պնդում է, որ դրանք ուղարկվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահյանը հայտարարել է, որ «փոքր քանակությամբ» անօդաչու սարքեր են մատակարարվել ռուսական ներխուժման մեկնարկից ամիսներ առաջ։ Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ Իրանը Ռուսաստանին լրացուցիչ զենք կմատակարարի, ինչպես ավելի վաղ հայտնել էին արևմտյան լրատվամիջոցները:

Աբդոլլահյանը հավելել է, որ Թեհրանն, իբր, «անտարբեր չի մնա», եթե ապացուցվի, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Նրա խոսքով, Իրանն ու Ուկրաինան պայմանավորվածություններ ունեն նման ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ։

«Եթե պարզվի, որ Ռուսաստանը Ուկրաինայի պատերազմում օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, մենք անտարբեր չենք մնա այս հարցում, մեր դիրքորոշումն Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել պատերազմը, կողմերին վերադարձնել բանակցությունների սեղան և փախստականներին վերադարձնել իրենց տները։ Իրանը նախագահի և արտաքին գործերի նախարարի մակարդակով բազմաթիվ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Կիևը Մոսկվային մեղադրում է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ զինծառայողներին հաջողվել է իրանական արտադրության ավելի քան 300 սարք խոցել իրենց տարածքում, այդ թվում՝ Կիևում։ Անօդաչուների լուսանկարները հրապարակել են ինչպես ուկրաինացի զինվորականները, այնպես էլ սովորական բնակիչները, ովքեր անձամբ են տեսել դրանք։ Անօդաչու սարքերի հարձակումներն սկսվել են միայն 2022 թվականի աշնանը։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իրանը մեծացնում է զենքի մատակարարումները Ռուսաստան։ Լրագրողները մեջբերում են արևմտյան անանուն երկրի պաշտոնյաների, որոնք «ուշադրությամբ հետևում են Իրանի սպառազինությունների ծրագրին»:

Թեհրանը կարող է զենքի մեծ խմբաքանակ առաքել Մոսկվա մինչև այս տարվա վերջ, ասվում է հրատարակության մեջ։ Բացի անօդաչու թռչող սարքերից, կլինեն բալիստիկ հրթիռներ, որոնցից Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանություն չունեն։ Թեհրանը պատրաստվում է նաև ևս մոտ հազար զենք ուղարկել Մոսկվա՝ ուկրաինական պատերազմի համար։ Սրանք 450 հարվածային անօդաչու թռչող սարքեր են և կարճ հեռահարության «ցամաք-ցամաք» բալիստիկ հրթիռներ։

Զուգահեռաբար նկատվում է տնտեսական համագործակցության ամրապնդում Իրանի և Ռուսաստանի միջև։ Այսպես, ըստ Tasnim գործակալության, հոկտեմբերի սկզբին Իրանից Ռուսաստան ապրանքների արտահանումն աճել է 70%-ով։ Իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի ութ ամսում աճել է գրեթե 40%-ով։ Երկու կողմերն էլ չեն թաքցնում, որ դա ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքն էր։

5764 | 0
Facebook