Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդգծեցի, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ». Թագուհի Թովմասյան

11:24, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ.
«Ընդգծեցի, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին հանդիպեցինք Կանադայի ներկայացուցիչների պալատի նախագահ Էնթոնի Ռոտայի հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Կանադայի պառլամենտական կենտրոնը։

Շատ լավ առիթ էր ոչ միայն խոսելու մեր երկու երկրների խորհրդարանների մասին, այլև բարձրաձայնելու Հայաստանին և Արցախին պատուհասած վտանգները:

Հանդիպմանն ընդգծեցի, որ՝

. Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,

. Հետևողականորեն իրականացնում է պատերազմական հանցագործություններ, որոնց համար աշխարհի կողմից արժանանում է ընդամենն անհետևանք դատապարտումների,

. Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ուստի ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Կանադային, խնդրում եմ Ադրբեջանի նկատմամբ սահմանել կոնկրետ պատժամիջոցներ։

Շնորհակալություն հայտնեցի Կանադային՝

. Դաշնային օրենսդիր (2004թ.) և գործադիր իշխանությունների մակարդակներով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,

. Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,

. 2020թ. պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 5-ին, դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման համար։ Ինչպես գիտենք, կանադական ընկերությունը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային` Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում դուստր ձեռնարկության` Rotax-ի կողմից արտադրված որոշ ավիաշարժիչների` պատերազմի ընթացքում օգտագործման պատճառով։

. Կանադայի մեր գործընկերոջն ահազանգեցի, որ մոտ 130 հազար բնակիչ ունեցող Արցախին այս ծանր իրավիճակում մենակ թողնելը լինելու է հանցագործություն․ Արցախի ժողովուրդն ունի աշխարհի աջակցության կարիքը, և բոլորից ակնկալում ենք Ադրբեջանի նոր ցեղասպանության կանխարգելում։

Քննարկեցինք նաև ժողովրդավարության մարտահրավերներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերելի մի շարք այլ հարցեր»։

4433 | 1
Facebook