Քաբուլում վերաբացվել է Ճապոնիայի դեսպանատունը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարությունը։
Թալիբների ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՆԳ նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանին հանդիպել է Աֆղանստանում Ճապոնիայի դեսպան Օկադա Տակեշիի հետ։
Հաղորդվում է, որ «Մեծարգո Սիրաջուդդին Հաքքանին ողջունել է Քաբուլում Ճապոնիայի դեսպանատան բացումը», որը տեղի է ունեցել այս շաբաթ։
Հաքքանին, ըստ ՆԳՆ-ի, դա անվանել է «արդյունավետ քայլ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում»: Նա նաև վստահեցրել է Տակեշիին, որ դեսպանատան և նրա ներկայացուցիչների գործունեությունը լիովին անվտանգ կլինի Աֆղանստանում։
Իր հերթին Ճապոնիայի դեսպանը խոստացել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել աֆղաններին և համագործակցել նրանց հետ։
Թալիբանի գրոհայիններն Աֆղանստանը գրեթե առանց կռվի գրավեցին 2021 թվականին։ Նրանք Քաբուլ են մտել օգոստոսի 15-ին։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և նրա կառավարության անդամները փախել են այնտեղից։ Թալիբների կողմից երկրի մայրաքաղաքը գրավելուց հետո Աֆղանստանից հեռացան նաև բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի դեսպանատներ։