Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու. ԿԳՄՍՆ

13:06, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ.
Մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու. ԿԳՄՍՆ

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը: Այսինքն` նոր փոփոխությամբ 75 աշխատանքային օրվան կգումարվեն նաև առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիմքով բացակայության օրերը, որոնց համար, սակայն, ևս կսահմանվի առավելագույն ժամկետ:

Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունների տեղերը բավարար չեն բոլոր երեխաներին ընդունելու համար: Շատ երեխաներ այս պահին հերթագրված են և սպասում են նախադպրոցական հաստատություն հաճախելու իրենց հերթին. միայն Երևանում հերթագրված է շուրջ 10 հազար երեխա:

«Ստեղծվում է իրավիճակ, երբ նախադպրոցական ծառայության մեջ ընդգրկված երեխաները փաստացի չեն հաճախում մանկապարտեզ այն դեպքում, երբ կան երեխաներ, որոնք հերթում սպասում են և չեն կարողանում ընդգրկվել: Տվյալ պարագայում հիվանդության հիմքով կամ որևէ այլ պատճառով չհաճախելու դեպքում տրված էր համընդհանուր կարգավորում: Այժմ այլ մոտեցում ենք ցուցաբերելու` հաշվի առնելով բացակայության պատճառը»,- պարզաբանել է վարչության պետը:

Արսեն Բաղդասարյանը մանրամասնել է նաև, որ ՀՀ կառավարության ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է կազմի 85 տոկոս: Այդ նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է վերակառուցել կամ կառուցել 500 նախադպրոցական հաստատություն: Այս պահին 92 մանկապարտեզներում նորոգման և շինարարության աշխատանքներ են ընթանում, որոնցից մի մասի աշխատանքները կավարտվեն առաջիկայում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից:

| | |
1610 | 0
Facebook