Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե 10 տարի հետո բուհական կրթության մակարդակը ցածր լինի, ողջ մեղքը գցելու են դասախոսների վրա». կրթության փորձագետ

15:18, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ.
«Եթե 10 տարի հետո բուհական կրթության մակարդակը ցածր լինի, ողջ մեղքը գցելու են դասախոսների վրա». կրթության փորձագետ

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է բուհերի միավորման խնդրին․ «ԿԳՄՍ նախարարության առջև խնդիր է դրված մինչև 2035թ. 4-5 բուհ ընդգրկել աշխարհի 500 լավագույն համալսարանների մեջ: Իմ կարծիքով՝ սա ոչ ռեալ հաշվարկ է, և գոնե 1-2 բուհ ընդգրկելու համար չեմ բացառում՝ վերջում Հայաստանի բոլոր բուհերը միացնեն: Չի բացառվում՝ վերջում Բժշկական համալսարանն էլ միացնեն ԵՊՀ-ին, որ ԵՊՀ-ին տանեն դեպի լավագույն 500 համալսարաններ»:

Խաչատրյանը հավելել է՝ միավորման պատճառներից է նաև ուսանողների փոքր թվաքանակը․ «Օրինակ՝ մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանում ուսանողների թիվը շեշտակի նվազել է: Բայց տեսեք՝ Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետներ այս տարի բոլորը միասին վերցրած, երևի թե 10-15 ուսանող է ընդունվել: Ենթադրենք՝ միացրեցինք: Բնագիտական թևն այս միավորման արդյունքում ի՞նչ է ստանալու»:

Կրթության փորձագետը մտաբերեց այս տարի ԿԳՄՍ նախարարության հանկարծակի որոշումը, ըստ որի՝ դիմորդներն առնվազն երկու քննություն պետք է հանձնեին․ «Սա էլ սխալ էր այն իմաստով, որ ուշ որոշվեց: «Խաղի կանոնները» պետք է 1-2 տարի առաջ փոխես, ոչ թե 7-8 ամիս առաջ: Չի բացառվում, որ սա միտումնավոր արվեց, որպեսզի Մանկավարժական և Ագրարային համալսարանները չունենան ուսանողներ, որ միավորումն ունենա հիմք: Այս տարի հատկապես այդ երկու բուհերում կոտորած եղավ»։

Խաչատրյանի կանխատեսմամբ՝ բուհերի միավորման հարցը նախարարությունը կկարողանա իրագործել, բայց եթե 10 տարի հետո բուհական կրթության մակարդակը ցածր լինի, ողջ մեղքը գցելու են դասախոսների վրա:

«Եթե 10 տարի հետո բուհական կրթության մակարդակը ցածր լինի, ողջ մեղքը գցելու են դասախոսների վրա». կրթության փորձագետ
2130 | 0
Facebook