Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանասարը զավթած զինվորականները երկրի գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել». Արտյոմ Երկանյան

01:12, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
«Իշխանասարը զավթած զինվորականները երկրի գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել». Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է թելեգրամյան ալիքներով տարածված հայ ռազմագերիների գնդակահարության ահասարսուռ կադրերին և մանրամասներ ներկայացրել՝ արդյո՞ք բավարար են նյութերը միջազգային դատարաններ դիմելու համար․ «Այժմ արդեն որևէ կասկած չկա, որ տեսանյութը կեղծ չէ, դա հաստատել են փորձագետները, և անգամ պարզվել է, թե որտեղ ու երբ է տեղի ունեցել դեպքը. Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ» բարձունքի վրա գտնվող: Հայտնի է, որ տեղի ունեցածը եղել է սեպտեմբերի 13-ին, և պարզվել է նաև այդ զոհերից առնվազն երկուսի ինքնությունը, և այժմ արդեն հասկանալի է՝ ինչո՞ւ ադրբեջանցիներն այդ սպանված զինվորականների դիերը չեն վերադարձնում, հավանաբար, նպատակն այդ հանցանքը թաքցնելու փորձն է:

Այժմ արդեն կարող ենք խոսել անգամ այն մասին, որ գիտենք, թե ովքեր են կատարողները, քանի որ «Թաթոյան» հիմնադրամի փորձագետները, գնահատելով հանդերձանքը, պարզել են, որ շատ մեծ հավանականությամբ այդ ամենը կատարել են վերջերս Ադրբեջանի ՊՆ-ում ստեղծված նոր հատուկ ջոկատի ներկայացուցիչները: Ջոկատը կոչվում է «Կոմանդո» և հայտնի է, որ այդ ջոկատի ներկայացուցիչներին պատրաստել են թուրք հրահանգիչները: Մանավորապես նաև հայտնի է դարձել, որ այդ տեսանյութի տարածման սկզբնաղբյուրը Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցի է։

Շատ բաներ կպարզվեն միջազգային հետաքննություն սկսելուց հետո միայն: Ակնհայտ է, որ Իշխանասարը զավթած այդ զինվորականները երկրի գլխավոր հրամանատարի հրամանն են կատարել, և տեղի ունեցածի համար պարտավոր են պատժվել, պիտի պատժվի ու պատասխանատվության ենթարկվի նաև նրանց հրաման տված բարձրաստիճան պաշտոնյան»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

7876 | 0
Facebook