Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է վերացնենք պառակտումը». Արման Թաթոյան

12:24, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.
«Պետք է վերացնենք պառակտումը». Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը` թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ:

Այս պատերազմն առաջինից մինչև վերջին պահն ընթացավ Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերումներով, Հայաստանի նկատմամբ հարձակումներով, այն պատճառ դարձավ տասնյակ հազարավոր տեղահանվածների ու մարդկային ճակատագրերի խեղումների, հազարավոր զոհերի, այդ թվում` սպանվեցին խաղաղ բնակիչներ, բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ու այլ վայրագությունների:

Ցավոք, պատերազմից հետո այս արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը: Դա ապացուցվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով ու պատերազմական նոր հանցանքներով:

Բայց հանուն այս կենսական վտանգների դեմ պայքարի, հանուն մեր սեփական իրավունքների ու մեր Հայրենիքի` պետք է լինենք համերաշխ առավել քան երբևէ և վերացնենք պառակտումը:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Հրեշավոր պատերազմական հանցանքերի, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հանուն Հայրենիքի՝ խաղաղ ու զարգացող երկիր, ամուր պետականություն ունենալու երազանքով»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
3988 | 0
Facebook