Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյան Նիկոլը խաղացող է. խաղադրույքը Հայրենիքն է և մեզանից յուրաքանչյուրը». Կարեն Հեքիմյան

03:06, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2022 թ.
«Փաշինյան Նիկոլը խաղացող է. խաղադրույքը Հայրենիքն է և մեզանից յուրաքանչյուրը». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ասում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու հիմնական տարբերակ կա՝ ռուսական և եվրոպական: Մեծ հաշվով, առկա են նաև խնդրի լուծման ադրբեջանական և թուրքական տարբերակները: Պաշտոնական Թեհրանը բացահայտել է Իրանի «կարմիր գիծը», ինչը նշանակում է, որ կա նաև իրանյան տարբերակը: Չի բացառվում նաև այլ տարբերակների գոյությունը, օրինակ՝ ամերիկյան, ֆրանսիական և այլն: Իսկ ո՞րն է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հայկական տարբերակը և կա՞ արդյոք այդպիսի տարբերակ:
     Բազմաթիվ առիթներ եմ ունեցել պնդելու, որ Փաշինյան Նիկոլն իր էությամբ խաղացող է: Հետևելով տարիների ընթացքում վերջինիս դրսևորած վարքագծին, կարելի է ենթադրել, որ աշխարհը և կատարվող իրադարձությունները Փաշինյան Նիկոլը տեսնում է ազարտ խաղի լույսի ներքո: Այնպես, ինչպես խաղատուն այցելողը, Փաշինյան Նիկոլը ցանկանում է հաղթել, չունենալով հաղթելու ծրագիր՝ ապավինելով ապարատի «բարյացկամությանը» և բախտին: Ըստ այդմ, ենթադրելի է, որ Փաշինյան Նիկոլը չունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման «հայկական» տարբերակ: Նա միաժամանակ խաղում է ռուսական, եվրոպական, ֆրանսիական, ամերիկյան, ադրբեջանական, թուրքական, պարսկական ապարատների վրա: Մինչև վերջ է խաղալու: Հետո բախտը կփորձի այլ ապարատների վրա: Հետո՝ այլ: Եվ այսպես շարունակ, քանի դեռ կա խաղադրույք: Ցավով պետք է նշեմ, որ խաղադրույքը Հայրենիքն է և մեզանից յուրաքանչյուրը:
     Ի՞նչ անել:
     1. Արգելափակել խաղատունը,
     2. Հստակ ընտրել տարբերակներից մեկը,
     3. Հզորանալ,
     4. Հզորանալ,
     5. Հզորանալ»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
3790 | 1
Facebook