«Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում». Արթուր Ղազինյան
![]() ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ի՞նչ կփոխի իշխանափոխությունը Հայաստանում Այս հարցը, թերևս, ամենահաճախ հնչող հարցն է վերջին երկու տարիների ընթացքում. մարդիկ փորձում են հասկանալ, կա՞ արդյոք հնարավորություն շտկել իրավիճակը և խուսափել նոր, ավելի աղետալի պատերազմից: Կարո՞ղ է արդյոք այս իշխանությունն ապահովել Հայկական շահի պաշտպանություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել. վերցնել ռազմավարական ՊԱՈՒԶԱ, ԴԱԴԱՐ, չստորագրել որևէ վերջնական փաստաթուղթ: Նման իրավիճակներում պետությունները գնում են իշխանափոխության, ինչպես դա արեց ադրբեջանը 90-ականներին և կարողացավ կասեցնել «ադրբեջան» պետության վերջնական կազմաքանդումը, իսկ երկարաժամկետ կտրվածքով լուծել իր խնդիրը: Հայաստանում իշխանափոխությունը. 1. Կչեղարկի այս իշխանության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, դրանից առաջ և հետո ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածությունները և դրանից բխող պարտավորությունները: Ալիևը երեկ հստակ ասաց, որ Փաշինյանը խոստացել է միջանցք և ադրբեջանական քարտեզներով սահմանների դեմարկացիա: 2. Կլուծի ներքին պառակտվածության վիճակը, կմեղմի և կվերացնի ատելությունն ու անհանդուժողականությունը՝ հնարավորություն տալով ձևավորել համահայկական ներուժի համընդհանուր կոնսոլիդացիա: 3. Հնարավորություն կտա ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը, լինելով վերկուսակցական և տեխնոկրատ, իրավունք կունենա հրաժարվել որևէ փաստաթղթի ստորագրումից՝ հիմնվելով ժողովրդի կողմից համապատասխան մանդատի բացակայության փաստի վրա, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՉԸՆԴՈՒՆՎԵԼ համաշխարհային ուժային կենտրոնների կողմից: 4. Ժամանակավոր կառավարությունը, ձերբազատված լինելով նախկինում ձեռք բերված պարտավորություններից, կկարողանա հստակ ձևակերպել ՀՀ ազգային և պետական շահերը և այդ շահերի տիրույթում գտնել արտաքին իրական դաշնակիցներին: 5. Իրական դաշնակիցների հետ միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանավորվածությունների հիմքի վրա իրականացնել ՀՀ զինված ուժերի վերակազմակերպման, վերազինման ու արդիականացման ծրագիր, ինչը հնարավոր է իրականացնել շատ սեղմ ժամկետներում: 6. Եվ վերջապես, հույս ու հավատ կբերի Հայկական պետականության ապագայի նկատմամբ ինչպես աշխարհի բոլոր հայերի, այնպես էլ պոտենցիալ դաշնակիցների համար: Հաջորդ հարցը, որ կառաջանա Հայ մտածող մարդու մոտ, այն է, իսկ ադրբեջանը, իր պահանջները չկատարելու դեպքում, նոր պատերազմ չի՞ սկսի: Սրա պատասխանը շատ պարզ է. ադրբեջանն այսօր արդեն պատերազմում է Հայաստանի ու Հայ ժողովրդի դեմ և նոր պատերազմից վախենալն ուղղակի ջայլամություն է: Պատերազմից խուսափելու ՄԻԱԿ տարբերակն իշխանափոխությունն է, ինչը կարող է զրկել ադրբեջանին նոր պատերազմ սկսելու միջազգային թույլտվությունից՝ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակի և նոր իշխանության հետ բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հնարավորությունների առկայությամբ, իսկ ժամանակավոր իշխանության դեմ, որը չի ստանձնել որևէ պարտավորություն, պատերազմ սկսելը խիստ վտանգավոր կլինի ալիևի ռեժիմի համար: Իշխանափոխության հնարավորությունների շարքը կարելի է թվարկել անվերջ. ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ, որ ավելորդ հիմնավորումների կարիք ուղղակի չունի: Բանաձևը մեկն է. կա՛մ այս իշխանությունը կհեռանա, կա՛մ Հայաստանն այլևս իշխանություն չի ունենա...»: |