Ընտանեկան, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների վճարումները կկատարվեն անկանխիկ
![]() Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստին որոշում է ընդունել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման և պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։ Գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության քանակի հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2058-Ն որոշմամբ։ Վճարման եղանակն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ նշանակելու դիմումը։ Կանխիկ եղանակով վճարելու դեպքում նպաստի գումարը վճարվում է ընտանիքի՝ դիմում ներկայացրած անդամին, նրա բացակայության դեպքում՝ ընտանիքի այլ չափահաս անդամի։ Պայմանագրով «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով կանխիկ վճարումերի համար սահմանված է ծառայությունների մատուցման վճար՝ փաստացի վճարված գումարի 1 տոկոսի չափով՝ շուրջ 300.0 մլն դրամ: Վերջինիս կողմից առաջարկվել է վերանայել ծառայությունների մատուցման գինը՝ սահմանելով ավելի բարձր սակագին: Բանկերը նշված վճարների վճարման ծառայությունները մատուցում են անվճար։ 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին։ Նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների համար՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, այն է՝ 1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․ 2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․ 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․ 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից։ |