Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն». Ջերմուկի ճոպանուղու տնօրեն

00:18, հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ.
«Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն». Ջերմուկի ճոպանուղու տնօրեն

«Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը։

Ճոպանուղին համայնքային սեփականություն է։ Արմեն Թադևոսյանը նշում է, որ այն միջինում ունենում էր 25-35 հազար այցելու։ Ջերմուկ այցելելուց էլ մարդիկ այցելում են ճոպանուղի, ջրվեժ և ըմպելասրահ։ Նրա խոսքով՝ այդ օրը ցերեկը Ջերմուկի ճոպանուղում շատ այլազգիներ կային. «Բարեբախտաբար, ռեստորաններում չունեինք հաճախորդ։ Այդ օրը երկուշաբթի էր, մի քիչ թեթև էր, ժողովուրդը հանգստանում էր։ Այդ օրը մարդ չենք ունեցել, թե չէ ահավոր էր լինելու»։ Արմեն Թադևոսյանը պատմում է, որ գիշերը ժամը 12-ին փակել են ճոպանուղին։ Երբ շարժվել են ճոպանուղուց առաջին հարվածն է հասցվել. «Աշխատողս փրկվել է մի հատ խաղի պատճառով։ 100 տոկոս չէր կարող ինքը ապրել, որովհետև դանդաղեցված կադրերով մեր տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսված է։ Առաջին հարվածը քաղաքին եղել է կոնկրետ ճոպանուղուն։ Չգիտեմ՝ ինչու։ Եղել է հենասյունների մեջտեղում։ Դրանից հետո եղել է մեր զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները։ Երկրորդ հարվածը նորից է եղել ճոպանուղուն, դադարներով էր հիմնականում։ Թողած հետքերը տեսնում եք։ Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով։ Քաղաքում եղել է «Գրադ», ականանետ, թռչող սարքերից»։

Նա վստահ է, որ ճոպանուղուն թիրախային են հարվածել. «Երևի իրենց մտածելով՝ ինքը համարվում է ռազմավարական նշանակության, ունենք բարձունք, տեսնում եք, ընդամենը կառուցված է լեռնադահուկների համար։ Բայց թուրքերի մտածելով՝ սա ռազմավարական, վտանգավոր օբյեկտ է։ Ճոպանուղու գագաթից երևում է ամբողջ այն տարածքը, որը որ իրենք ներխուժել են այս պահին»։ Արմեն Թադևոսյանի խոսքով՝ առայժմ իրենց չեն թույլատրել բարձրանալ՝ հասցված վնասները տեսնելու համար, քանի որ դեռ չպայթած ականներ կան:

Խոսելով թվերից՝ Արմեն Թադևոսյանը ասաց, որ եթե հենասյուները և ճոպանը վնասված լինեն, ապա նվազագույն վնասը կկազմի 200 000 ԱՄՆ դոլար։ Իսկ ներքևում հասցված վնասները կազմում են մոտավորապես 50 000 եվրո։

«Տա աստված, ամեն ինչ հանդարտվի, մենք էլի գործելու ենք»,- վստահեցրել է տնօրենը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4724 | 0
Facebook