Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Նոր հարձակման վտանգը պահպանվում է միանշանակ. Էդուարդ Աղաջանյան

19:18, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
Նոր հարձակման վտանգը պահպանվում է միանշանակ. Էդուարդ Աղաջանյան

Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա, հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

- Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները:

– Գիտե՞ք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ` այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը:
     – Արդյունք ասելով Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի …

– Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է, վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորեն աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում` Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:

– Դուք ասում եք՝ բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով:

– Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով:

– Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում:

– Այս պահի դրությամբ նման որոշում չկա:

– Արդյոք կա՞ նախապայման` դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին:

– Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է երեկվա Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ` էական չէ այստեղ` դա նախապայմանի տեսք կունենա, թե նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա:

– Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է:

– Ես օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է:

– Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր:

– Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ:

– Բայց այդ վտանգը պահպանվում է:

– Վտանգը պահպանվում է միանշանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
5575 | 1
Facebook