Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն երբեք չես ստանա»․ Արման Աբովյան

16:48, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ.
«Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն երբեք չես ստանա»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը «Ռեվյու»-ի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակմանն ու ՀՀ իշխանությունների հայտարարություններին.

«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունները պետք է բոլոր հնարավոր և անհնար ճակատներով՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները, այս կամ այն կերպ կանխեն այն վտանգը, որն այսօր կախված է մեր գլխին, սակայն, եթե դու այդ վտանգի պատճառը հրաժարվում ես ընկալել, ընդունել և պայքարել պատճառի հետ, ապա ում ուզում ես խնդրի, ոչ մի բան չի ստացվի։

Ռմբակոծում են ՀՀ քաղաքները, սա հիմք է այն ապազգային, հակապետական տեսլականի, որը կոչվում է «խաղաղության դարաշրջան»։ Իշխանությունը պետք է ընդունի, որ թուրք-ադրբեջանական ոհմակը թշնամի է, և իրենց նպատակը՝ ՀՀ մասնատումն է և Արցախի ապամոնտաժումը։ Պատերազմը ոչ թե գալիս է, այլ արդեն եկել է։

Յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, եթե դու հրաժարվում ես քո շահերը պաշտպանել, ոչ ոք չի գալու մեզ փրկի, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, ո՛չ ՀԱՊԿ-ը, իրենք հետապնդում են իրենց շահերը, և դրանք համադրում են մեր գործողությունների տրամաբանության հետ։

Երկու տարի շարունակ դու ասում ես՝ «ի՞նչ եք խառնվել իրար, Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ուզում, ես գնում եմ իրենց հետ բարեկամություն անելու»։ Մենք բազմաթիվ անգամ ասել էինք և ապացուցել, որ խաղաղության դարաշրջան կոչվածը բերելու է պատերազմի, անմիջապես ՀՀ գյուղերի և քաղաքների ռմբակոծության, մեզ պատասխանում էին, որ դա ասվում է ներքաղաքական օրակարգի ներքո։ Խաղաղության պայմանագիրը դա մահապատիժ է, մեզ կրկին խաբում են, երբ ասում են՝ «գիտեք, եթե ճանապարհ, կոմունիկացիա բացենք՝ լավ կլինի, եթե խաղաղության պայմանագիր կնքենք, լավ կլինի, եթե դելիմիտացիա, դեմարկացիա անենք, լավ կլինի», դա սուտ է։ Իշխանությունների հայտարարությունները կամ իրավիճակային են, կամ իրենք չեն հասկանում՝ ինչ են խոսում, կամ իրենց ասածը միտված է լուծել ինչ-որ խնդիր։

Ունենք ոչ թե պատերազմի սպասում, այլ պատերազմը շարունակվում է»,- եզրափակել է Աբովյանը:

«Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն երբեք չես ստանա»․ Արման Աբովյան
2439 | 0
Facebook