Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

17:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ և հերոսական դիմադրության և միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականությունը:

Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու և զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ:

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:

| | |
6309 | 0
Facebook