Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դադարեցրեք պատերազմը բնության դեմ». ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ օգնել Պակիստանին

22:54, շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ.
«Դադարեցրեք պատերազմը բնության դեմ». ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ օգնել Պակիստանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը համաշխարհային հանրությանը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Պակիստանին, որը հումանիտար աղետի է ենթարկվում զանգվածային ջրհեղեղների պատճառով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը։

Պակիստանի հեղեղված շրջաններ կատարած այցի ժամանակ Գութերեշն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է երկրին ֆինանսական համապարփակ աջակցություն ցուցաբերի՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ «Խոսքը առատաձեռնության մասին չէ, այլ արդարության»,- ասել է գլխավոր քարտուղարն, ով բնական աղետները կապում է կլիմայի փոփոխության հետ:
     Պակիստանն աշխարհի կլիմայական փոփոխություններից ամենաշատ տուժած երկրներից մեկն է, մինչդեռ ածխաթթու գազի արտանետումների մեջ երկրի ներդրումը կազմում է ընդամենը մեկ տոկոս, նշում է ՄԱԿ-ը։ «Պակիստանը և այլ զարգացող երկրները սարսափելի գին են վճարում հիմնական արտանետիչների անզիջողականության պատճառով, որոնք շարունակում են ապավինել հանածո վառելիքին: Ես Իսլամաբադից գլոբալ կոչ եմ ուղարկում. վերջ տվեք խելագարությանը: Ներդրումներ կատարեք վերականգնվող էներգիայի մեջ հենց հիմա: Դադարեցրեք պատերազմը բնության դեմ», - ասել է Գուտերեշը։

Օգոստոսի վերջին հորդառատ մուսոնային անձրևները և հալչող սառցադաշտերը Պակիստանի հյուսիսային լեռներում հեղեղել են երկրի ավելի քան 30 տոկոսը: Ըստ իշխանությունների՝ աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 1390 մարդ, ավելի քան 33 միլիոն մարդ տուժել է։ Մահացածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ հարյուրավոր գյուղեր կտրված են մնացած աշխարհից հանրապետության հյուսիսում գտնվող լեռնային շրջաններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Պակիստանում մոտ վեց միլիոն մարդ դարձել է ներքին տեղահանված։ Երկրի կառավարությունը վնասը գնահատում է ավելի քան 30 միլիարդ ԱՄՆ դոլար։

Բացի այդ, տարերային աղետը վնասել է 4 միլիոն հեկտար գյուղատնտեսական հողեր, սատկել է գրեթե 800,000 անասուն, ինչի պատճառով տարածաշրջանում սննդի պակաս է սպասվում, հայտնել է Իսլամաբադի Միջազգային փրկարարական կոմիտեն:

7361 | 1
Facebook