Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

21:38, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է 97 տարեկան հասակում, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։
     «Թագուհին խաղաղությամբ կնքել է մահկանացուն Բալմորալ ամրոցում այսօր կեսօրին»,- ասվում է հայտարարության մեջ։
     Հինգշաբթի Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ բժիշկներն անհանգստացած են Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով և խորհուրդ են տվել, որ նա գտնվի բժիշկների հսկողության տակ: Ավելի ուշ նրա բոլոր երեխաները եկել են թագուհու մոտ։
     Եղիսաբեթ II-ը՝ թագավոր Ջորջ VI-ի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն է, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղսաբեթը դարձել է բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է Օժանդակ տարածքային ծառայություն՝ բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։
     1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը: Վերջինը հրաժարվել է բոլոր տիտղոսներից, ընդունել բրիտանական քաղաքացիություն և ստացել Էդինբուրգի դուքսի կոչում։ Ամուսնության մեջ նրանք ունեցել են չորս երեխա՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:
     1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար։ Բրիտանական գահի իրավահաջորդության կարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հաջորդ ղեկավարը կլինի նրա որդին՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը։ Նա այս տարի դառնում է 74 տարեկան։

11804 | 0
Facebook