Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերտիֆիկատներ ստացել է 4000 շահառուներից ընդամենը 21-ը». Ելենա Կիրակոսյան

14:06, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
«Սերտիֆիկատներ ստացել է 4000 շահառուներից ընդամենը 21-ը». Ելենա Կիրակոսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում՝ նաև Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները, արդեն ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում համոզվել են, թե որքանով է իրական բնակարաններ ձեռք բերելու հարցում պետության խոստացած աջակցությունը:

Որպես փոխհատուցում առաջարկվող գումարը ոչ միայն բավական չէ տուն գնելու համար, այլև այդ սերտիֆիկատների առկայությունը չի երաշխավորում, որ հնարավոր կլինի հիփոթեկային վարկ ձևակերպել: Ի դեպ, սերտիֆիկատներ ստացել է 4000 շահառուներից ընդամենը 21-ը:

Արդյունքում, ստացվում է, որ կառավարության սոցիալական այս ծրագիրը ևս ունի իմիտացիոն բնույթ և կոչված է ինչ-որ չափով հանրությանը մարսեցնել հայրենիքը թշնամուն մաս-մաս հանձելու գործընթացը:

Ընդհանրապես, իշխանություններն առաջ են շարժվում հռոմեական «հաց և տեսարաններ» սկզբունքով՝ իշխանությունների վարկանիշին հարվածող, հանրության մոտ դժգոհության ալիք բարձրացնող ցանկացած քայլ ուղեկցվում է կա՛մ շեղող տեսարաններով, կա՛մ ժողովրդի սոցիալական վաթարացած վիճակը չնչին բարելավելու մասին հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ կառավարությունն ընդամենը մի քանի ամիս առաջ նախատեսում էր թոշակները բարձրացնել միայն 2023 թվականի հունվարին, սակայն Բերձորն, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնելու գործընթացին զուգահեռ հայտարարեց արդեն իսկ սեպտեմբերից թոշակները 2000 դրամով բարձրացնելու մասին, որը կրկին ավելի շատ նմանվում է իմիտացիայի, քան պետության սոցիալական պատասխանատվության»:

| | |
3214 | 0
Facebook