Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարցաքննության են հրավիրվում. «Ժողովուրդ»

09:06, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ.
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարցաքննության են հրավիրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն հարցաքննության են հրավիրում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին։ «Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները պատգամավորներին հարցաքննության են հրավիրում 2022 թվականի մայիսից մեկնարկած «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բռնության դեպքերի մասով: Դրանց մասով քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածով, որ վերաբերում է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Այս և այլ գործերով Քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը և այլք: Թեմայի վերաբերյալ կապ հաստատեցինք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունն ու հավելեց, որ դեպքը մայիսի 30-ին է տեղի ունեցել՝ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ: «Խոսքը ոստիկանական աննախադեպ բռնության մասին է, ինչի հետևանքով հունիս ամսին Քննչական կոմիտեն ինձ հարցաքննության կամ բացատրության էր հրավիրել, որտեղ մանրամասն ներկայացրել եմ այն, ինչ տեղի է ունեցել: Ցավոք սրտի, Քննչական կոմիտեն, Նիկոլի պատվերները կատարելով, շատ արագ ու փութաջանորեն քրեական գործեր է հարուցում, իսկ այս դեպքում հանցավոր դանդաղկոտություն է ցուցաբերում: Առաջին բացատրության ժամանակ ՔԿ-ին տեսանյութեր եմ ներկայացրել, որտեղ «Նիկոլի վկա» կարմիր բերետավորները վայրենի պահվածք են դրսևորել, բայց դրանից հետո որևէ իրավական գործընթաց տեղի չի ունենում: Այլ գործընկերների էլ են հրավիրել: ՔԿ-ն այդ առումով հիմա քիչ փութաջանություն է ցուցաբերում, թեև Արգիշտի Քյարամյանը զբաղված է այլ՝ իր համար կարևոր գործերով»,- ամփոփեց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2453 | 0
Facebook