Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների գագաթնաժողովը։ Հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ Պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգով:
Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։
Գագաթնաժողովին կմասնակցեն 45 երկրից 120 փառատոների ղեկավարներ, քաղաքապետեր և այլ շահագրգիռ կողմեր, որոնք կկիսվեն իրենց մտքերով, մտահոգություններով և առաջարկներով։ Հանդիպմանը կմասնացեն նաև Եվրոպայի ամենահին և ամենախոշոր Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի Շեքսպիրյան փառատոնը և այլն։
Գագաթնաժողովի մասնակիցները շրջայցներ կունենան Երևանի տարբեր տեսարժան վայրերում, կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ։