Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տեղափոխության արդյունքում ուսանողների, աշխատողների համար մեծ ցնցումներ կլինեն». Սերոբ Խաչատրյան

11:24, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ.
«Տեղափոխության արդյունքում ուսանողների, աշխատողների համար մեծ ցնցումներ կլինեն». Սերոբ Խաչատրյան

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններին, հայտարարեց հետևյալը. «Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ բավականին բարդ նախագիծ է ու ենթադրում է լուրջ հաշվարկներ. «Ունենք մոտավորապես 70 հազար ուսանող, որոնց զգալի մասը Երևանում են սովորում և տասնյակ հազարավոր դասախոսներ, բուհերի աշխատակիցներ. սա բավականին լուրջ տեղափոխություն է, կառավարությունը պետք է լուրջ հաշվարկի՝ ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ՝ ձեռք բերում»,- ասել է նա: «Այդ ի՞նչ պետք է լինի Աշտարակում, որ դասախոսներն ավելի լավ դասավանդեն. չեմ կարծում՝ էական բան: Մարդը, որ Երևանի կենտրոնում այսօր դասավանդում է, նույն բանը կդասավանդի Աշտարակում՝ նույն որակով, մատուցմամբ»,- հավելել է կրթության փորձագետը: Նրա գնահատմամբ՝ տեղափոխության արդյունքում ուսանողների, աշխատողների համար մեծ ցնցումներ կլինեն, ինչի դիմաց էական ձեռքբերում չենք ունենա. «Կառավարման համակա՛րգն է պետք փոխել՝ ովքե՞ր են կառավարում, ինչպե՞ս, ի՞նչ են դասավանդում և այլն»,- նշել է Խաչատրյանը:

Տեսանյութը՝ News.am-ի
5013 | 1
Facebook