Սեպտեմբերի 4-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին և դեպի Աղթամար կղզի ուղևորափախդրումները սկսվելու են առավոտյան ժամը 08:30-ին, իսկ պատարագը մեկնարկելու է ժամը 11։00-ին և ավարտվելու՝ ժամը 14։00-ին։
Նա հույս է հայտնել, որ պատարագին կմասնակցեն ոչ միայն հայ բարձրաստիճան հոգևորականներ, այլ նաև Թուրքիայի մի շարք նահանգներից քաղաքացիներ և օտարերկրացիներ։ Նրա խոսքով՝ պատարագի համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքը գլխավորությամբ մոտ 46 հոգևորականներ սեպտեմբերի 3-ին կղզում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ հաջորդ օրը կայանալիք պատարագի կազմակերպման համար։ Ուսլուն հայտնել է, որ հյուրանոցային բիզնեսով զբաղվող ձեռներեցների հետ կապ է հաստատել և իրեն փոխանցել են, որ այս պահի դրությամբ Վանի հյուրանոցներում հայ զբոսաշրջիկների խմբեր են ամրագրումներ կատարել։ Այդ ամենը Ուսլուին թույլ է տալիս կարծելու, որ պատարագին մասնակցությունը զգալի է լինելու։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան: 95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: Սակայն 2020թ. նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չթույլատրվեց պատարագ մատուցել, իսկ 2021թ. պատարագին թույլ տրվեց այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: |