Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար». Սերժ Սարգսյան

09:54, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
«Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված:
     Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:
     Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի հանրապետությունների համար:
     Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:
     Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին:

8023 | 2
Facebook