Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Հետաքրքիր է

Կասկադի ժպտացող չինացին

22:00, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ.
Կասկադի ժպտացող չինացին

Չինացի քանդակագործ Յուե Մինջունի «Ժպտացող մարդը» քանդակը շատերն են տեսել Գաֆեսճյան Արվեստի Կենտրոնում՝ բոլորի կողմից սիրված Կասկադում, սակայն քչերը գիտեն, որ այս քանդակի հեղինակը և նրա ստեղծագործություններն արգելված են սեփական հայրենիքում՝ Չինաստանում:
     Յուե Մինջունի ստեղծագործությունները հատկապես ուշագրավ են նրանով, որ նրա քանդակների և գեղանկարների բոլոր կերպարների բնորդը հենց ինքն է, ու ամենակարևորը, նրա հերոսները միշտ ցինիկ ժպիտով են պատկերված՝ անկախ նրանից, թե ինչով են զվաղված այդ պահին:
     Յուե Մինջունի ստեղծագործական ոճը բնորոշվում է՝ որպես «Ցինիկ ռեալիզմ», կամ պայքարի պասիվ միջոց։ Արվեստի այս ուղղությունը չինական կերպարվեստի սոցռեալիզմի գագաթնակետն է համարվում՝ ձևավորվելով հատկապես 1989 թ-ին, երբ Պեկինի գլխավոր հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարար ուսանողների դեմ ռազմական տեխնիկա կիրառվեց: Չինաստանում մինչ այսօր արգելվում է խոսել այդ դեպքերի մասին, անգամ հայտնի չէ, թե քանի ցուցարար է սպանվել այդ օրը: Այս ողբերգական դեպքերից հետո բազմաթիվ արվեստագետներ դարձան «Պասիվ պայքարի» հետևորդներ: Նրանցից մեկն էր նաև Յուե Մինջունը։ Նրանք իրենց աշխատանքերում սկսեցին այլաբանորեն կամ ուղիղ կերպով արտացոլել արյունալի դեպքերը, ինչի պատճառով էլ հայտնվեցին Չինաստանում արգելված արվեստագետների շարքում:

Յուե Մինջունի քանդակներից
Յուե Մինջունի քանդակներից

     Յուե Մինջունն ինքն իրեն ցինիկ չի համարում, այլ ձգտում է բացահայտել իրականությունը։ Հարցազրույցներից մեկում նա ասում է․ «Ես չեմ մերժում իրականությունը, այլ կասկածի տակ եմ դնում այն։ Ցանկացած ոք, ով ապրել է այն ամենը, ինչ չինացիները նոր ժամանակներում, կհասկանա այդ ծիծաղը»։
     Հատկապես տպավորիչ է Մինջունի՝ 1995 թ-ին ստեղծված Execution («Կատարում») աշխատանքը, որը շատերը կապում են հենց Պեկինի հրապարակի արյունալի դեպքերի հետ։
Մինջունի՝ 1995 թ-ին ստեղծված Execution («Կատարում») աշխատանքը
Մինջունի՝ 1995 թ-ին ստեղծված Execution («Կատարում») աշխատանքը
Ու թեև առաջին հայացքից թվում է, թե նկարիչը ցինիկորեն Է մոտեցել այդ արյունալի դեպքերին, իրականում ամեն ինչ ավելի ողբերգական է, քան թվում է. կարմիր երկար պատի տակ մարդկանց մի խումբ բերանները հրճվալից բաց, անտեսանելի հրացաններով գնդակահարում են իրենց մերկ նմանակներին, որոնք նույնպես բերանները բաց ծիծաղում են: Այս աշխատանքը պասիվ պայքարի ձև է` ուղղված Պեկինի Տյանանմեն հրապարակի 1989 թ-ի արյունալի դեպքերին:
     Յուե Մինջունի «Ժպտացող մարդը» Գաֆեսճյան կետրոնում տեղադրվել է 2013 թվականին։
     Այսօր Յուե Մինջունն աշխարհի նշանավոր արվեստագետներից մեկն է, որի աշխատանքները վաճառվում են միլիոնավոր դոլարներով:
Յուե Մինջուն
Յուե Մինջուն

| | |
5758 | 0
Facebook