Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորավարժությունները

19:48, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորավարժությունները

Վրաստանում ԱՄՆ-ի հովանու ներքո մեկնարկել են «Արժանի գործընկեր-2022» բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության պաշտպանության նախարարությանը հղումով։

Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները սկսվել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի շքերթի հրապարակում։ «Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների զինվորականներին զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է [վրացական] պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին»,- նշում է գործակալությունը։

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինծառայող, այդ թվում՝ Ադրբեջանից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուրքիայից և Էստոնիայից։ «Արժանի գործընկեր - 2022»-ին առաջին անգամ մասնակցում են Ճապոնիայի և Շվեդիայի զինվորականները։

Զորավարժությունները ղեկավարում է Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարությունը, ինչպես նաև ԱՄՆ բանակի եվրոպական և աֆրիկյան հրամանատարությունը։ Զորավարժություններին աջակցում է Կրծանիսիում տեղակայված ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնը (JTEC):

«Զորավարժությունների նպատակն է մեծացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների ուժերի համատեղելիությունը՝ ապահովելու կայունությունն ու անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին օպերատիվ գործընկերոջ կարգավիճակ է տվել Միջերկրական ծովում ծովային անվտանգությունն ապահովելուն միտված «Ծովային պահակ» օպերացիայի շրջանակներում։

Այս որոշումը դաշինքը կայացրել է այն բանից հետո, երբ Վրաստանի առափնյա պահպանության մարտավարական ստորաբաժանումները հաջողությամբ անցել են ՆԱՏՕ-ի 4-ամյա գնահատման ծրագիրը։

Գործողությունը միտված է «ծովում ահաբեկչական գործունեության հետ կապված ցանկացած փորձ» ճնշելուն։

3275 | 0
Facebook