Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիայի էթնիկ համայնքները Բրիտանիայից պահանջում են 168 միլիարդ ֆունտ սթերլինգ

19:54, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ.
Քենիայի էթնիկ համայնքները Բրիտանիայից պահանջում են 168 միլիարդ ֆունտ սթերլինգ

Քենիայի քաղաքացիները, որոնք ներկայացնում են մի քանի էթնիկ համայնքներ, Մեծ Բրիտանիայի դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բրիտանական կայսրության գաղութատիրության ժամանակ պատճառված վնասների համար, գրում է Times-ը։
     Մասնավորապես, Թալայ և Կիփսիգիս էթնիկ խմբերի ներկայացուցիչները մեղադրում են Մեծ Բրիտանիային հողեր գողանալու, բնիկներին վտարելու և նրանց խոշտանգելու մեջ և պահանջում նրանց վճարել 168 միլիարդ ֆունտ սթերլինգ, ասվում է հոդվածում։
     «Մեծ Բրիտանիայի կառավարությունը խուսափել է (պատասխանատվությունից) և, ցավոք, խուսափել է փոխհատուցման հնարավոր ուղիներից: Մենք այլ ելք չունենք, քան մեր հաճախորդների անունից դիմել դատարան՝ պատմության սխալները շտկելու համար»,- ասել է հայցվորների շահերը ներկայացնող փաստաբան Ջոել Կիմութայ Բոսեկը։
     Էթնիկ համայնքներն ասում են, որ իրենց նախնիները բռնի կերպով վտարվել են հողից՝ թեյի պլանտացիաներ զարգացնելու համար և բռնության են ենթարկվել, երբ նրանք փորձել են դիմադրել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
     1963 թվականին Քենիայի անկախացումից հետո շատ փրկվածներ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը, սակայն նրանց հողային իրավունքները չեն վերականգնվել, և նրանք բնակություն են հաստատել թեյի պլանտացիաների մոտ, գրում է թերթը։
     Հայցվորների նախնիներին պատկանող հողատարածքում տեղակայված են թեյի խոշորագույն և հաջողակ ընկերություններից մի քանիսը, ինչպիսիք են Lipton-ը, Unilever-ը, Williamson Tea-ն և Finlay's-ը, որոնք շարունակում են հսկայական շահույթներ բերել Բրիտանիային, գրում է թերթը:
     Ըստ հայցվորների՝ իրենք մայիսին փորձել են հանդիպել արտգործնախարար Լիզ Թրուսի հետ՝ քննարկելու այս հարցը, սակայն մերժում են ստացել։ Դրանից հետո համայնքի ավելի քան 100.000 անդամներ նամակ են գրել արքայազն Ուիլյամին՝ պահանջելով փոխհատուցում և ներողություն խնդրել, գրում է Times-ը։
     Այժմ ՄԻԵԴ-ը պետք է որոշի՝ քննե՞լ այս գործը, թե՞ ոչ, նշում է հոդվածագիրը։

6138 | 0
Facebook