Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

21:06, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ.
Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հայ բռնցքամարտիկներին, որոնք 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել օրերս Թուրքիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) և Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Բրոնզե մեդալների արժանացել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։

Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին հիանալի ելույթների ու գրանցած արդյունքների համար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նշել է. «Շատ լավ թիմ ունենք: Կան այլ բռնցքամարտիկներ ևս, որոնք վստահաբար կարող էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով, թե որ երկրում էինք ու որքան էին խանգարում էմոցիաները, այս արդյունքը ևս գոհացնող կարելի է համարել: Հոգեբանորեն բավականին բարդ մենամարտեր ենք անցկացրել: Բռնցքամարտում տրամադրվածությունը շատ մեծ նշանակություն ունի»:

Ֆեդերացիայի նախագահը փաստել է՝ առաջին անգամ է ի պատիվ հայ բռնցքամարտիկների՝ Թուրքիայում հնչել հայոց օրհներգը:

Նշենք՝ Համեստ Աֆրիկյանը եզրափակչում շատ բարդ մենամարտ է անցկացրել Անգլիան ներկայացնող Սերենա Մալիի հետ։ Առաջին ռաունդում 4:1 հաշվով հաղթել է հայ մարզուհին, 2-րդ ռաունդում նույն հաշվով մրցավարներն առավելությունը տվել են Անգլիայի ներկայացուցչին։ 3-րդ վճռորոշ ռաունդում արդեն հաղթանակը շնորհվել է Համեստ Աֆրիկյանին։

Սամվել Սիրամարգյանն էլ եզրափակչում ուժեղ է գտնվել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Տատարենկոյից։ Արդյունքում բոլոր մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին։ Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը։

Պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 15 տղա և 5 աղջիկ:

2148 | 0
Facebook