Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման»․ քաղաքագետ

00:36, շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ.
«Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարությանը
     «Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»:
     Իլհամ Ալիև

Շատերն Ալիևի խոսքերը կարող են ամբարտավանություն համարել, սակայն դրանք բխում են ռեալիստական(մեզ համար իհարկե տխուր) իրականությունից, որը մի կողմից, ընդգծում է Ադրբեջանի տարածաշրջանային դերի բարձրացումը, սուբեկտության աճը, մյուս կողմից՝ այն տխուր իրականությունը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանից այլևս որևէ բան կախված չէ:
     Այս համատեքստում Ալիևը կարող է Արցախին որևէ կարգավիճակ չխոստանալ, անգամ՝ մշակութային ինքնավարություն:

Նա այդպես էլ արել է:

Մյուս կողմից, խնդիրն այն է, որ հետպատերազմյան իրականության մեջ Արցախը Հայաստանին չի պատկանում (վերահսկվում է ռուսների կողմից), իսկ Ալիևի մաքսիմալիստական ծրագրին գոնե առայժմ բախվում է Մոսկվայի օրակարգը: Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման, որովհետև չի ուզում կասկածի տակ դնել այնտեղ ռուսական զորախմբի գոյության մոտիվացիոն հիմքերը:

Եթե Ռուսաստանն ուկրաինական պատերազմը չավարտի ֆիասկոյով կամ Ուկրաինայում չհայտնվի մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու Անկարային ու Բաքվին էական զիջումներ անել Հարավային Կովկասում, Արցախի կարգավիճակային անորոշությունը որոշակի շրջանի համար «կայունանալու» է (իհարկե, դա չպետք է մեզանում պատրանքներ ստեղծի, որ Ռուսաստանը կամ արևմտյան «բարի» միջնորդները օրակարգ են բերելու Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հարցը):
     Ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը երկու բան պետք է անի.

ա) հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ դրանք չծանրաբեռնելով Արցախի խնդրով,

բ) Բաքվի ու Ստեփանակերտի դիալոգի համար նախադրյալների ստեղծում, որովհետև մեծ հաշվով՝ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը լուծվելու է այդ հարթակում»:

4186 | 0
Facebook