Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բայրամովի մեսսիջը
«Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»։
Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար
Ըստ ամենայնի՝ Բաքուն հույսը կտրել է, թե սուվերեն միջանցք կարող է ստանալ Հայաստանի տարածքի հաշվին ու անցել է այլընտրանքային կոմունիկացիաների:
Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը սկզբունքային է ու դա ողջունելի է:
Այս պատմության մեջ ռիսկայինն այն է, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից ու վերածվի սովորական ճանապարհի, որի անխափանությունը կդառնա Բաքվի քմահաճույքի պատանդը:
Վտանգավոր նման զարգացումը կանխելը, ինչքան էլ դժվար է խոստովանել, վեր է Երևանի ուժերից: Ամեն ինչ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքից և ուկրաինական պատերազմի ընթացքից»: