Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Վարդավառ և Աստղիկ». Վաչագան Սարգսյան

20:30, շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ.
«Վարդավառ և Աստղիկ». Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՐԴԱՎԱՌ ԵՎ ԱՍՏՂԻԿ
     Ըստ Աճառյանի՝ ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար , պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակ՝ իտալական Ստելլա-ն:
     Իբրև սովորական իգական անուն, հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է:
     Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեին և ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:
     Ըստ Ղ. Ալիշանի՝ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից և Նանեից հետո): Մեծարվել է, և թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է:
     Նա ոսկեծղի էր և վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլ՝ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի և պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնով՝ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելը՝ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելը՝ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:
     Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում և վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքն, Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրև տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկի՝ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմ՝ Մուրադչայ) գետի հետ:
     Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ»:

13507 | 0
Facebook