Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր բախտը չի բերել նրանում, որ մեր երկրի հարուստները, ինչպես և ղեկավարները, կրթության գինն ու արժեքը չգիտեն». Հովհաննես Ավետիսյան

09:36, կիրակի, 10 հուլիսի, 2022 թ.
«Մեր բախտը չի բերել նրանում, որ մեր երկրի հարուստները, ինչպես և ղեկավարները, կրթության գինն ու արժեքը չգիտեն». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարգացման և անգրագիտության մասին:
     Խավարի և լույսի մասին:
     Աշխարհում ճանաչված համալսարանները, որոնք գիտության զարգացման մեջ մեծ ներդրումներ են անում և սրանով նպաստում որևէ երկրի, տարածաշրջանի կամ աշխարհի զարգացմանը, այսինքն կյանքի որակի բարձրացմանը, մեծ նվիրատվություններ են ստանում պետություններից (եթե սոցիալական պետություն է) և մասնավոր անձանցից (եթե լիբերալ տնտեսակարգով պետություն է), ավելի կոնկրետ՝ հարուստներից:
     Այդ ֆոնդերը կոչվում են նվիրատվությունների ֆոնդեր (անգլերեն՝ endowment funds), որոնք տարաբնույթ են և նվիրատուն է որոշում, թե իր փողերը տվյալ համալսարանի կողմից գիտության և կրթության որ ուղղության մեջ և ինչ եղանակով պետք է ծախսվեն: Եվ այսպես ներկայացնեմ որոշ թվեր, թե որ համալսարանը ինչ չափի նվիրատվություններ ունի ստացած հարուստներից (ԱՄՆ դոլարով):
     - Տեխասի համալսարան (ԱՄՆ)՝ 69 միլիարդ:
     - Հարվարդի համալսարան (ԱՄՆ)՝ 53 միլիարդ:
     - Նյու Յորքի համալսարան (ԱՄՆ)՝ 28 միլիարդ:
     - Աբդուլա թագավորի համալսարան (Սաուդյան Արաբիա)՝ 20 միլիարդ:
     - Պենսիլվանիայի պետական համալսարան (ԱՄՆ)՝ 15 միլիարդ:
     - Սինգապուրի ազգային համալսարան (Սինգապուր)՝ 13 միլիարդ:
     - Փարիզ-Սակլե համալսարան (Ֆրանսիա)՝ 11 միլիարդ:
     - Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարան (ԱՄՆ)՝ 6 միլիարդ:
     - Նանյանգի տեխնոլոգիական համալսարան (Սինգապուր)՝ 5 միլիարդ:
     - Օքսֆորդի համալսարան (Անգլիա)՝ 4.5 միլիարդ:
     - Ռոքվելլերի համալսարան (ԱՄՆ)՝ 4 միլիարդ:
     - Սաուդ թագավորի համալսարան (Սաուդյան Արաբիա)՝ 2.7 միլիարդ:
     - Կյոտոյի համալսարան (Ճապոնիա)՝ 2.7 միլիարդ:
     - Օսակայի համալսարան (Ճապոնիա)՝ 2.3 միլիարդ:
     - Մելբուրնի համալսարան (Ավստրալիա)՝ 1.3 միլիարդ:
     Այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել, բայց բավ է, քանի որ մեր ուզածը չենք տեսնելու: Այսինքն.
     Հայաստանի բոլոր համալսարանները միասին վերցրած՝ 0 միլիարդ:
     Եթե կապիտալի մեծությամբ սկսենք թվարկել աշխարհի համալսարանները, ապա նույնպես որևէ նշանակալի տեղում չենք երևա: Եվ հետևաբար, եթե կրթության և գիտության որակով թվարկենք աշխարհի համալսարանները, ապա կրկին որևէ տեղ չենք երևա:
     Մեր բախտը չի բերել նաև նրանում, որ մեր երկրի հարուստները, ինչպես և ղեկավարները, կրթության գինն ու արժեքը չգիտեն և հետևաբար նրանք խավարամտություն են սփռում հանրության մեջ:
     Ինչու համալսարան, եթե կարելի է արձան տնկել, ու հանրության մեջ տգիտությունն ու խավարամտությունը ավելի խորացնել: Համալսարանականը քեզ գլուխ չի խոնարհի, չի աստվածացնի, իսկ խավարամիտը քեզ ոչ միայն կօրհնի այլ նաև կաստվածացնի:
     Երկրի հարուստներ, չզարմանաք, որ մի գեղեցիկ օր ձեր կուտակած հարստությունը, կամ ձեր, կամ էլ ձեր սերունդների ձեռքից տանեն: Դուք շարունակեք զարգացնել խավարամտությունը, հետո կտեսնեք, թե դա ձեր գլխին ինչ է բերելու:
     հ.գ.
     Ցանկում առավելապես լիբերալ տնտեսակարգով պետությունների համալսաններ են, քանի որ սոցիալական ուղղվածությամբ համալսարաններում մեծ և գլխավոր ֆինանսավորողն ու նվիրատուն պետությունն է՝ հարուստներին բարձր տոկոսներով հարկելու հաշվին»:

3422 | 0
Facebook