Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա». Արարատ Միրզոյան

11:30, շաբաթ, 09 հուլիսի, 2022 թ.
«Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա». Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը հունական «Կաթիմերինի» պարբերականին

- 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր տեղի ունեցել։ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել:

- Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։
     Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

- Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

- Պատասխան․ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։

4342 | 0
Facebook