Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչպե՞ս իջևանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ. «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 08 հուլիսի, 2022 թ.
Ինչպե՞ս իջևանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջևանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջևանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ: Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի` 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը և վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջևանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարևոր ամբիոնի վարիչը:

Մեր տեղեկություններով` Մհեր Աղալովյանին «վերևներից» հրահանգել են բախտը չփորձել և չառաջադրվել, քանի որ որոշված է` այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը` Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ` 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է և 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում: Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, և ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը` 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է` ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջևանցի լինելն է․ որևէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ և մինչ օրս դիմորդների հետ է պարապում` բուհ ընդունվելու համար: Հայկ Քամալյանի հայրը` Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջևանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ:

Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ և կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջևանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց` ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4792 | 0
Facebook