Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցք դարձնելու համար». Վարուժան Ավետիսյան

15:12, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցք դարձնելու համար». Վարուժան Ավետիսյան

ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Հայաստանը (Արցախը ներառյալ) Ռուսաստանի կիսագաղութ է և մեր տարածաշրջանի ճարտարապետությունը մնում է 1921թ. Մոսկվայի ռուս-թուրքական ապօրինի ու զավթչական պայմանագրի տրամաբանության մեջ, խաղաղության, կայունության, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գործողություն բացառապես լինելու է Հայաստանի հաշվին և հօգուտ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի:

Մասնավորապես, խոսքը վերաբերվում է նաև օրեր առաջ արձանագրված հայ-թուրքական համաձայնությանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու վերաբերյալ:

Այս համաձայնությունը կարևոր նախաքայլ է Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի միջև թափանցիկ միջանցք դարձնելու և դրանով հիմնականում Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների ու բեռների տարանցումը դեպի Թուրքիա ապահովելու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի ապահովման համար:

Հակառակ պնդումները, ինչպես նաև լավատեսական կանխատեսումները, իբրև թե այս համաձայնությունը նախադրյալներ է ստեղծելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և կարգավորված հարաբերությունների հանգամանքը որպես հետագայում հավանական հայ-ադրբեջանական պատերազմում Թուրքիայի մասնակցության ռիսկը նվազեցնելու համար, կատարյալ անհեթեթություն են, եթե պարզապես չեն ծառայում Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տիրույթից Թուրքիայի ազդեցության տիրույթ փոխանցելու՝ դարձյալ ռուս-թուրքական սցենարին:

Այս համաձայնությունը չի կարող նպաստել նաև Ռուսաստանից Հայաստանի ապագաղութացման նպատակին՝ դարձյալ այն պատճառով, որ երկու գաղութարարի՝ Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության տիրույթում է, ուստի, ինչպես արդեն ասվեց, ընդամենը տեղի կունենա հիմնական գաղութատիրոջ փոփոխություն:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է, սակայն հնարավոր կլինի միայն ինքնիշխան Հայաստանի առկայության և տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետության վերանայման ու Արևմուտքի ազդեցության պայմաններում»:

3270 | 0
Facebook