Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի իշխանության օրոք պատերազմի պատճառները և պարտության մեղավորները չեն բացահայտվելու»․ Ոսկան Սարգսյան

19:30, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ.
«Փաշինյանի իշխանության օրոք պատերազմի պատճառները և պարտության մեղավորները չեն բացահայտվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Քանի դեռ 2016 և 2020 թվականների պատերազմների պատճառները և պարտության մեղավորները բացահայտված չեն, նոր պարտություն ենք կրելու։
     2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ պատերազմի հետ կապված հանգամանքները։ Դրա եզրակացությունը մինչև այսօր պաշտոնապես հրապարակված չէ։ Մամուլում կարծիքներ հնչեցին, որ այդ եզրակացությունը տարբեր ձևերով հայտնվել է հակառակորդի մոտ, որը 2020 թվականի պատերազմի ժամանակ օգտագործել է Արցախում տեղակայված բանակի խոցելի տեղերի մասին տեղեկատվությունը։ 2020թ․ 44-օրյա պատերազմի պատճառները և մեղավորները բացահայտված չեն։ Կարծում եմ, որ դիտավորյալ թույլ է տրվում մեծ սխալ, այն է՝ 2020 թվականի պատերազմն առանձնացվում է 2018 թվականի իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից հրաժարվելուց, բանակցութհունների օրակարգը փոխելուց, այն ձախողելուց, պատերազմին չնախապատրաստվելուց։
     2016 թվականի պատերազմից հետո պարզ էր, որ մեր բանակի ամենաթույլ օղակը հակառակորդի անօդաչուների դեմ արդյունավետ պայքար մղելու համար արդիական տեխնիկայի պակասն էր։ Սակայն այն լրացնելու համար միջոցներ չձեռնարկվեցին, 130 միլիոն դոլարով 4 հատ անհրթիռ, այսինքն՝ պատերազմի համար անպիտան ՍՈՒ-30 ինքնաթիռ գնեցին, Նիկոլ Փաշինյանը դրանով իրեն գովազդեց։ Պատերազմի ժամանակ զորահավաք չանելը, բանակը զինուժով բավարար չափով չհամալրելը, կանոնավոր բանակը կամավորական ջոկատներով փոխարինելը, Ադրբեջանի տարածքով ձգվող նավթամուղներին և գազամուղներին, Գյանջայի ռազմական օդանավակայանին չհարվածելը, հոկտեմբերի 19-ին կրակը դադարեցնելու համար Պուտինի միջնորդությունը մերժելը, Շուշիի պաշտպանությունը ձախողելը վկայում են այդ պատերազմի տարօրինակ բնույթի մասին։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմի պատճառները և պարտության մեղավորները չեն բացահայտվելու, ուրեմն լինելու է նոր պատերազմ, նոր պարտություն, նոր զիջումներ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2061 | 0
Facebook