Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտեղ ենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ»․ Ա․ Պեպանյան

21:18, երեքշաբթի, 05 հուլիսի, 2022 թ.
«Որտեղ ենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ»․ Ա․ Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑ սահմանադրությունը և ինչու էր դրա ընդունումը վաղաժամ ու վտանգավոր
     1995թ. Հուլիսի 6-ին էր:
     Առաջին անգամ ԱԺ ընտրություններ էին անցկացվել, միաժամանակ նաև Սահմանադրությունն էր դրվել հանրաքվեի: Ես իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի: Ընտրությունների նախնական արդյունքների սպասումով թերթն ուշ էինք տպարան իջեցրել, ու երբ տուն էի դառնում, արդեն առավոտյան 6-ի կողմերն էր:
     Ծառայողական ավտոմեքենան Բաղրամյանից թեքվեց դեպի Օրբելի: Երբ հասանք դպրոցին, փողոցում լիքը մարդ տեսա: Այդ ժամին դա տարօրինակ էր, ու մեքենան կանգնեցրի, իջա:
     Ձախ մայթին տեսա Վազգեն Մանուկյանին, վերնաշապիկը քաշքշված էր, զայրույթից դողդողացող ձեռքերով ակնոցն էր դնում աչքերին: Ակնոցի մի ապակին չկար:
     Չհասցրի զարմանալ. մի ծանոթ ԱԺՄ-ական մոտեցավ ինձ ու թե`
     - Արծրուն, այս ինչ եք անում:
     Ես բանից անտեղյակ էի ու խնդրեցի ներկայացնել եղելությունը:
     Հետևյալը պատմեց: Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել:
     Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց, որոնք քվեատուփը գողացել էին:
     Ես նայեցի նրանց կողմն ու ճանաչեցի նրանց: Այդ տղամարդկանց վերջին օրերին հաճախ տեսել էի ՀՀՇ կենտրոնական գրասենյակի բակում: Նրանց տեսքը սովորական չէր` կոկիկ հանգնված էին, փողկապով, ու ես մտածել էի, թե նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնապահներն են: Ասեմ, որ նախագահն այդ օրերին հաճախ էր գալիս ՀՀՇ շենք:
     Ես նայեցի այդ տղաներին, նայեցի զայրույթից այլայլված ՀՀ առաջին վարչապետին ու սիրտս ճմլվեց: Ինչպես կարելի է այսպես վարվել երկրիդ խորհրդանիշներից մեկի` առաջին վարչապետի հետ,- հարցրի ինքս ինձ: - Մի՞թե այդքան էական էր, թե ով կհաղթեր այդ տեղամասում: Մի՞թե այդ մանր հարցի համար արժեր այդպես վարվել առաջին վարչապետի հետ, ով նաև իշխող կուսակցության հիմնադիրներից էր:
     Այս ծանր մտքերին էի տրված, երբ Կիևյան փողոցի կողմից 2-3 ավտոմեքենաներ եկան, կանգ առան մեր մոտ, դուրս եկան փողկապավոր 10-12 տղամարդ: Այս նոր եկածները զայրացած գնացին դեպի քվեատուփ խլածները, գոռգոռացին նրանց վրա, ապա եկածներից մեկը ատրճանակ հանեց, պահեց հներից մեկի դեմքին, նրան ետ-ետ հրեց, մինչև որ սա մեջքի վրա պառկեց առաջին պատահած մեքենայի կապոտի վրա:
     Հարձակվողն ատրճանակը մտցրեց մյուսի բերանը, ինչ-որ բան գոռգոռաց ցասումնալից: Մյուսներն անշարժ նայում էին:
     Բայց կրակոց չեղավ: Հետո փողկապավորների երկու խմբերը հավաքվեցին մյուս մայթին ու ինչ-որ բան էին խոսում:
     Աղմուկից շենքերի բնակիչներն արթնացել ու կախվել էին պատշգամբներից:
     Այս դեպքից հետո ամբողջ մեկ շաբաթ տեղս չէի գտնում: Մի միտք էր գլխիս մեջ` դիմում գրել ու ազատվել:
     Բայց հետզհետե ինձ այլ հարց սկսեց զբաղեցնել. ես կրթությամբ ֆիզիկոս եմ, որ ասել է` փորփրող, բարդ երևույթներ ուսումնասիրող: Եվ ջանացի պարզել ինքս ինձ համար, թե ինչու իշխանություններն իրենց այդպես պահեցին, ինչու օրենքները չաշխատեցին:
     Ու այդ հարցերի պատասխանը գտնելու նպատակով սկսեցի աչալրջորեն զննել իշխանական բուրգի գագաթը:
     1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա: Եվ ապա, անհնարին գտնելով այդ թիմի հետ ճամփա գնալը, շատ բարձր մի պաշտոնյայի հայտնեցի իմ կարծիքն իրենց մասին ու կամավոր հեռանալով գլխավոր խմբագրի պաշտոնից, տեսածս, ուսումնասիրածս ի մի բերելով` սկսեցի խորհել իրականության
     այդպիսին լինելու խորքային պատճառների մասին:
     Ես չէի կարող այլոց նման բավարարվել այն պատասխանով, թե ամենի մեղավորը վատ իշխանություններն են: Ես ինձ տալիս էի նաև երկրորդ հարցը` իսկ ինչու մեր իշխանություններն այլ որակի չեն, ինչու մեր ժողովուրդը հանդուրժեց օրենքների խախտումը և համակերպվեց:
     Որոնումներս տևեցին տասնյակ տարիներ: Ու մի գիրք վերջնականապես բացեց աչքերս և հասկացա ամենը: Դա ֆրանսիացի գիտնական Լը Բոնի` ժողովուրդների հոգեբանության մասին գիրքն էր, հրատարակված 1895-ին: Այն կարդալով, հասկացա, թե որտեղ ենք մենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ: Հասկացա, որ իշխանություններն այլ կերպ իրենց դրսևորել չէին կարող: Հասկացա, որ ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով` չենք արել գլխավորը` չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը: Իսկ նման դեպքում, ինչպես հիմնավորել է Լը Բոնը, ընտրությունների անցկացումը ավեր է բերում երկրին ու ժողովրդին:
     Այս ամենը պարզելով, հնարավորությանս սահմաններում ջանացել եմ մեր քաղաքական դաշտին տեղեկացնել այս մասին ու հորդորել չվնասել երկրին: Նաև այլընտրանք եմ առաջարկել: Բայց արդյունքի, ցավոք, չհասա»:

3305 | 1
Facebook